Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կից ի վեր որիրոջը ճանաչելուց հետո (աստված) խաղաղություն պարգևեց, նրանց շրջապատող թշնամիներին լռեցրեց, նրանց սահմաններից պատերազմները հեռացրեց, և ոչ ոքի հետ նրանք խռովության կամ թշնամության գործ չունեցան ու ապրում էին կատարյալ խաղաղության մեջ։ Իսկ այն ժամանակ տերը գրգռություն առաջացրեց նրանց բոլոր սահմաններում, զորացրեց նրանց թշնամիներին, և ոչ մեկը ուրիշ ազգերի թագավորներից նրանց բարեկամ չէր, այլ բոլորը թշնամի էին։


Գլուխ ԺԸ

ՀԱՅՐ ՄԱՐԴՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԿՈՏՈՐԵԼ ԷՐ ՏԱԼԻՍ

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՏՈՀՄԵՐԸ:

Բայց այս անմիտ թագավորության ժամանակ ոչ միայն թշնամիները թշնամիներին, այլ նաև բարեկամները բարեկամներին, ընկերները ընկերներին դավաճանում ու մատնում էին Հայոց աշխարհում և տեսակ - տեսակ թշնամություններ էին անում միմյանց նկատմամբ։ Որովհետև տիրոջից նրանց մեջ խռովություն ընկավ, պիղծ դև ու մոլորության ոգի (հայտնվեցին), նրանք մեկը մյուսին քանդեցին ու ավերեցին իրենց անօրինության պատճառով։ Բայց բոլորից գերազանցում էր մի անօրեն, սատանայաբարո մարդ, որ Տիրան թագավորին գրգռում էր մանավանդ նախարարական տոհմերի դեմ, այսինքն՝ մեծ մարդպետության պատիվը կրող ներքինին, մի չարասիրտ, չարամիտ, չարագործ մարդ, որին Հայր էին ասում։ Նա մատնությամբ շատ նախարարներ կոտորել տվեց առանց որևէ հանցանքի և մեծ թագավորության կարգը խարխլեց։ Մանավանդ նա իր չարախոսությամբ սրի քաշել տվեց ու միաժամանակ անզավակ դարձրեց երկու ավագ տոհմեր՝ Ռշտունյաց և Արծրունյաց տոհմերը, որոնց առանց որևէ մեղքի ու հանցանքի մեջտեղից վերացրին, նույնիսկ տոհմերի էգերին կոտորեցին։ Այն ժամանակ երկու երեխա գտան, որոնք փախել ապաստանել էին դայակների մոտ — Մեհընդակ Ռշտունու որդուն Տաճատին, և Արծրունի