Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ականակուռ, մարգարտազարդ գոտիով, ատյանի ամբողջ բազմությունը ձայն բարձրացնելով միաբերան աղաղակեց. «Ներսեսը լինի մեր հովիվը»։ Երբ նա լսեց, բողոք բարձրացրեց, չէր կամենում, հրաժարվում էր՝ իրեն անարժան համարելով։ Բայց նա տեսավ, որ բոլորը նույն բանի վրա պնդելով թագավորի առաջ նույնն էին աղաղակում. «Ուրիշ ոչ ոքի չենք ուզում մեզ հովիվ, այլ միայն դրան, ուրիշ ոչ ոք չպիտի նստի այն աթոռը, այլ միայն դա»։ Իսկ նա, քանի որ իր համեստությունից իրեն արժանավոր չէր համարում այդ (աստիճանին), առաջ եկավ, սկսեց մի քիչ սուտ խոսել իր մասին, սկսեց իրեն բամբասել այնպիսի մեղքերի և անօրինությունների մեջ, որ չէր գործել։

Երբ բազմությունը այս լսեց և գիտեր, որ նա իր մասին ստեր է հնարում, բոլորը միասին թագավորի հետ ծիծաղից թուլանում էին։ Իսկ զորքերը միաբերան աղաղակում էին. «Թող մեզ վրա, մեր գլուխների վրա ընկնեն քո գործած մեղքերը. թող մեզ վրա, մեր որդիների վրա թափվեն քո (անօրեն) գործերը, բայց դու քո հայր Գրիգորի գործերը, նույն առաջնորդությունը նորոգիր մեզ համար»։ Իսկ նա որովհետև ուրիշ բան չգտավ նրանց պատասխանելու, որ զորքի համար վիրավորանք կլիներ, ասաց. «Դուք անօրեն եք ու պիղծ, ես չեմ կարող ձեզ հովիվ լինել և ձեր մեղքերը ինձ վրա վերցնել, ես չեմ կարող աչառու լինել, չեմ կարող ձեր գործած չարիքներին դիմանալ։ Դուք այսօր դուր եք ինձ սիրում, վաղն իմ թշնամիներն ու ատողները կդառնաք, դուք ինձ կապում եք գլխին որպես ծեծող թակ։ Ինձ հանգիստ թողեք, թերևս առանց հոգսերի իմ տառապանքներով ու մեղքերով լի կյանքը ըստ իմ անարժանության անցկացնեմ՝ հանդերձյալ հավիտենական դատաստանին սպասելով»։

Բայց զորքի բազմությունը բողոք բարձրացնելով ձայն տվեց. «Հենց դու՝ մեղավորդ, պետք է մեզ հովիվ լինես»։ Աստծու նախախնամությունից էր, որ մարդիկ այսքան պնդում էին։ Այն ժամանակ Արշակ թագավորը, չարացած ու զայրացած՝ դեպի իրեն քաշեց սուրը արքունական գոտիով, նա կրում էր իբրև սենեկապետ՝ թագավորին սպասավո-