Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սեղանից թռավ ու եկավ նստեց նրա վրա և երկար ժամանակ մնաց, իսկ երբ հասավ այն ժամը, երբ կամեցան Ներսեսին ձեռնադրել, աղավնին սուրբ Բարսեղի վրայից թռավ ու եկավ նստեց Ներսեսի գլխին։

Երբ աստծուց այս հրաշքը նրա վրա եղավ, ամբողջ Ժողովուրդը և Եվսեբիոս մեծ արքեպիսկոպոսը զարմացած մնացին։ Բոլորը նրան դիմելով աղաղակում էին. «Դու հաճելի եղար աստծուն, աստծու հոգին քո վրա իջավ, որովհետև դա նմանություն էր ս. հոգուն, որ տիրոջ վրա երևաց»։ Ապա նրան ձեռնադրեցին ու բարձրացրին նստեցրին եպիսկոպոսության աթոռը ու մեծարում էին, շատերն էլ նրան էնկոմիա էին ասում, այն մտքով, թե ս. հոգին թառեց նրա վրա։ Բայց նա ավելի ու ավելի անարժան էր համարում իրեն տեղի ունեցածին։ Այնուհետև մեծ փառավորությամբ ճանապարհ գցեցին նրան և Հայոց մեծամեծ նախարարներին՝ սատրապներին։

Նրանք մեծ պարծանքով, հոգեպես փառավորված եկան հասան Հայաստան։ Նրանց ընդառաջ գնաց Արշակ թագավորը մինչև Առյուծ կոչված լեռը։ Այստեղ նրանք միմյանց հանդիպեցին մեծ խնդությամբ, իրար ողջունեցին և օրհնությամբ դարձան եկան աշխարհը։ Եվ սուրբ Ներսեսը նստեց հայրապետության աթոռը։ Նրա հովվության ժամանակ երկրում մեծ խաղաղություն տիրեց, որովհետև իր վարքի և ընթացքի մեջ նա նմանվեց իր հորը՝ Մեծ Գրիգորին, ամենաբարի հայրական վերաբերմունք ուներ, նույն հայրերի առաքելական շնորհները նորոգեց և նույնպես հոգս էր տանում՝ (իր հոտը) անվնաս պահելու երևացող ու աներևույթ թշնամիներից։

Նա առավելապես նմանվեց առաջին ծառերին և վարդապետության նույնատեսակ ու նույն բան հասուն պտուղներ էր բերում և իր հովվության ու վերակացության ընթացքում բոլորին առատորեն մատակարարում էր օգտակարը՝ հոգևոր արոտով սնուցանելով։ Նա այնպես լցվեց շնորհներով, որ մեծամեծ հրաշքներ էր գործում, հիվանդներ էր բժշկում, որտեղ որ պետք էր լինում, մոլորվածներին (ուղիղ) ճանապարհի էր բերում։ Այսպիսի հրաշքներ էլ էր կատարում՝ երբ մեկին տեսնում էր խիստ համառելիս, ահ ազդելով համոզում էր,