Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոժարությամբ մատակարարում էին, ու այս բանը անում էին ուրախությամբ։

Նա գնաց հասավ Տարոն գավառի կողմերը և իր մոտ հավաքեց Հայոց աշխարհի բոլոր եպիսկոպոսներին։ Հավաքվեցին Աշտիշատ գյուղում, որտեղ առաջին անգամ եկեղեցի էր շինված, որովհետև նա էր մայր եկեղեցին և նախնյաց եկեղեցական ժողովների ժողովատեղը։ Բոլորը հոժարությամբ ժողովի եկան և օգտակար խորհրդակցություն ունեցան՝ աշխարհական կարգերը բարեկարգելու, հավատի ընդհանուր կանոններ սահմանելու։ (Այս ժողովում) կարգ ու կանոն սահմանեցին, կազմակերպեցին և Հայոց աշխարհի ամբողջ ժողովուրդը դարձրին իբրև վանականների մի ընդհանուր միաբանություն, բացի ամուսնությունից։ Ներսես եպիսկոպոսապետը ամենքի վրա տարածում էր առաքյալներից սահմանված կանոնները, բոլորին խրատ էր տալիս, հորդորում էր, առաջնորդում էր դեպի բարեգործություն և նախանձախնդիր էր լինում. նախ ինքն էր անում, ապա ուրիշներին նույնը ուսուցանում։ Նույնը հրամայում էր կատարել Հայոց ամբողջ աշխարհում, գավառներում, կողմերում, անկյուններում։ Որոնում գտնում էին պատշաճ տեղեր, զատում էին՝ նրանց մեջ աղքատանոցներ շինելու համար, որտեղ պետք է հավաքեին ախտավորներին, բորոտներին, հաշմանդամներին, ցավագարներին։ Որոշեցին շինել ուրկանոցների, սահմանել նրանց սնունդ և դարման, իսկ աղքատների համար՝ պատսպարան: Որովհետև Ներսես մեծ եպիսկոպոսապետը այսպես հրամայեց, և սուրբ ժողովը հավանություն տվեց, որ այդպիսի մարդիկ նստած մնան իրենց կացարաններում, դուրս չգան տառապանքով մուրալու, և բոլորովին իրենց դռներից ոտք դուրս չդնեն, այլ որ ամեն մարդ պարտական կլինի նրանց (խնամելու)։ Կարևոր է, ասում էին, որ աշխարհի կարգը չխանգարվի, այլ պետք է որ բոլորն անխտիր ողորմած լինեն և զգուշությամբ տանեն նրանց կերակուրը ու նրանց կարիքները հոգան։ Այսպես էլ շինեց, կազմակերպեց և հաստատեց։

Ուրիշ շատ տեսակ ողորմածություններ էլ սովորեցրեց աշխարհին և շատ հայրենական կարգեր ու կանոններ հաս-