Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խարհում պարապ նստելուց. լավ էին համարում մեռնել, քան օտար աշխարհում ժամանակ քարշ տալ։ Այն ժամանակ Արշակ թագավորը թույլ տվեց և պատերազմի գործը նրանց առաջացրեց։ Ապա Վասակը՝ Մեծ Հայքի զորավարն ու սպարապետը, կազմում պատրաստում է Հայոց ամբողջ զորքը: Նա սպառազինվեց և սահմանված ժամանակին բոլոր իր պատերազմական զորքով՝ այրարատյան բանակով հարձակվեց (Հունաց) բանակի վրա։ Բոլորին առհասարակ սրի անցկացրին, կոտորեցին, մի մարդ նրանցից կենդանի չթողին: Եվ հունական զորքից այնքան ավար առան, որ չափ ու թիվ չկար, բոլորը լցվեցին ու լիացան գանձերով և անչափ իրերով։

Սրանից հետո Հայոց թագավորն իր զորքով այնտեղ մնաց սպասեց, մինչև որ եկավ հասավ Պարսից Շապուհ թագավորը անթիվ, անհամար զորքով։ Երբ նա եկավ ու տեսավ հայկական զորքի քաջարի գործը, որ ճակատ էին կազմել, պատերազմը վարել, հաղթություն տարել և ամեն ինչ վերջացրել, շատ և շատ զարմացավ. Հայոց Արշակ թագավորին մեծապես պատվեց, ինչպես և բոլոր Հայոց մեծամեծներին ու Հայոց Վասակ սպարապետին։

Պարսից Շապուհ թագավորն սկսեց խոսել իր զորքի հետ, թե՝ «Ինչպիսի վայելուչ պարգևներ կամ ինչպիսի փոխարինություն կարող ենք մենք հատուցել Հայոց այս Արշակ թագավորին, որ այսպիսի գործ կատարեց, այսպիսի քաջություն ցույց տվեց, այսպիսի թշնամու ջարդեց, այսպիսի պատերազմ մղեց, այսպիսի ճակատամարտում հաղթեց, մեզ համար այսպիսի անուն վաստակեց։ Որովհետև եթե մենք լինեինք ամբողջ Արյաց զորքերով, հազիվ թե կարողանայինք այսպիսի հաջողություն ձեռք բերել, այլ (Հայոց զորքի հետ) միասին այս գործը գլուխ կբերեինք: Իսկ Հայոց թագավորը իր զորքով մեր փոխարեն կռվի դուրս գալով՝ այնպիսի քաջություն գործեց, որ ուրիշ ոչ ոք չէր կարող գործել։ Արդ՝ ինչպիսի՞ բարիքներ պետք է մենք նրան հատուցենք»։ Եվ ընկել էր այսպիսի մտածմունքի մեջ, թե արդյոք ի՛նչ բան պետք է նրան տա։

Պարսից նախարարները պատասխան տվին Շապուհ