Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թագավորին և ասացին. «Ինչ որ կամենաս, ինչով որ կամենաս կարող ես նրան գոհացում տալ։ Ոսկիդ ու արծաթդ, կերպասներդ ու մարգարիտներդ շա՜տ, տուր ինչ որ սրտիցդ անցնում է»։ Պարսից Շապուհ թագավորը իր իշխաններին պատասխանեց՝ ասելով. «Այդ, ինչ որ դուք եք ասում, սեր չէ, եկեք անխզելի սեր հաստատենք Հայոց Արշակ թագավորի հետ, այնպես որ նա մինչև վերք անբաժան մնա մեզանից։ Ես Հայոց Արշակ թագավորին կնության կտամ իմ դուստրը և այնպիսի մեծ կալվածք կտամ նրան, որ Հայաստանից մեզ մոտ գալիս՝ Հայաստանից մինչև Տիզբոն իր կալվածքում իջևանի, մինչև մեզ մոտ հասնի։ Թագավորին այսպես անենք, իսկ Վասակ զորավարին կամ մյուս մեծամեծներին ու զորապետներին տանք ոսկի, արծաթ, կերպաս և մարգարիտ»։ Պարսից թագավորի մեծամեծներն ու խորհրդակիցները հավանություն տվին նրա այս խորհրդին և հաստատեցին նրա խոսքերը, թե լավ է այդպես անել։

Եվ Պարսից Շապուհ թագավորն սկսեց ստիպել ու թախանձել Հայոց Արշակ թագավորին, ուզում էր նրան իր հետ տանել Ասորեստան, որպեսզի այնտեղ մեծ փառքով նրան իրեն փեսայացնի։ Իսկ Արշակ թագավորը և իր ամբողջ զորքը ձանձրալի էին համարում այդքան երկայն ճանապարհ գնալը, որովհետև ամեն մարդ, հայ մարդու բնական սովորությամբ, կարոտել էր իր տուն ու տեղին։ Իսկ երբ Անդոկը՝ Սյունյաց գավառի նահապետը, իմացավ, թե Պարսից Շապուհ թագավորն ուզում է իր աղջիկը կնության տալ Հայոց Արշակ թագավորին, շատ վախեցավ, և միտքը կասկածի մեջ ընկավ։ նա հասկացավ, որ եթե Արշակը կին առնի Պարսից թագավորի դստերը, ապա իր դուստրը անարգություն կկրի, որովհետև այդ ժամանակ Փառանձեմը՝ Անդոկի դուստրը, որը Գնելի կինն էր եղել, Հայոց Արշակ թագավորի կինն էր, ուստի (Անդոկը) կասկածում էր, որ եթե թագավորը ուրիշ կին առնի, իր աղջկան կանարգի։

Այնուհետև Անդոկը մտածմունքների մեջ ընկավ, մի հնարք էր փնտրում, որևէ միջոց, որով գուցե կարողանա խափանել սերը երկու թագավորների միջև։ Նախ և առաջ նա շատ ոսկի տվեց Հայոց Վասակ զորավարին, նույնպես և