Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վաքում, լրտեսներ է ուղարկում՝ Հայոց Արշակ թագավորին դիտելու։ Եվ մինչ Հայոց Արշակ թագավորը իր զորքով Ատրպատականի սահմանների մոտ էր գտնվում, այդ կողմերից զգուշանալով — որովհետև այդտեղ էր նա սպասում Պարսից զորքերին — սրանք Մերուժանին առաջնորդ բռնելով՝ ուրիշ կողմ շուռ տալով ասպատակեցին Հայոց աշխարհը։ Նրանք անցան Աղձնիքով, Մեծ Ծոփքով, Անգեղ տանով, Անձիտ գավառով, Շահունի Ծոփքով, Մզուր գավառով, Դարանաղիով, Եկեղյաց գավառով։ Պարսից Շապուհ թագավորը անթիվ զորքերով այս գավառները մտավ ու ծավալվեց հեղեղի նման։

Կրակի ու ավերածի էին մատնում երկիրը, անթիվ մարդիկ էին կոտորում իրենց սրերով, կանանց ու երեխաներին սայլերի ցցերի վրա էին հանում, մի մասն էլ կամերի տակ էին գցում, կալսել էին տալիս, տղամարդկանց բազմությունը գցում էին փղերի ոտքերի տակ կոխան լինելու և անթիվ քանակությամբ մանր երեխաների գերի էին տանում։ Շատ ամրոցներ քանդում էին, շատ ամուր բերդեր ավերումն Նրանք առան Տիգրանակերտ մեծ քաղաքը, որ Աղձնիք գավառում էր, բդեշխի իշխանության մեջ, և այնտեղից քառասուն հազար ընտանիք անմիջապես գերի քշելով՝ իրենք արշավեցին Մեծ Ծոփք գավառը։ Այնտեղ էլ կային բերդեր, որոնց մի մասը գրավեցին, իսկ մի մասը չկարողացան առնել։ Այնտեղից եկան պաշարեցին Անգեղ ամուր բերդը Անգեղ տան գավառում, որովհետև այնտեղ կային Հայոց շատ Արչակունի թագավորների գերեզմաններ և վաղուցվանից ի վեր այնտեղ ամրացված էին շատ գանձեր։ Գնացին պաշարեցին բերդը և երբ, տեղի ամրության պատճառով, չկարողացան առնել, թողին ու գնացին։ Շատ բերդեր էլ թողին անցան, որովհետև չէին կարողանում այն ամրոցների հետ կռվել։ Նրանց ձեռքն անցավ միայն Անի բերդը Դարանաղի գավառում, որովհետև չարագործ Մերուժանը մի հնարք մեքենայեց այդ ամուր բերդի դեմ։ Վեր էին բարձրանում, պարիսպները կործանում էին և բերդից անհամար գանձեր էին դուրս բերում։ Բաց էին անում Հայոց նախկին թագավորների, քաջ Արշակունիների գերեզմաննե-