Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րը և թագավորների ոսկորները գերի էին տանում։ Չկարողացան բանալ միայն Սանատրուկ թագավորի շիրիմը՝ նրա հսկայակառույց, հսկայական պինդ ու ճարտար շինվածքի պատճառով։ Այնտեղից հեռանալով ուրիշ կողմ ասպատակեցին, առաջ շարժվելով դեպի Բասենի կողմերը. մտադրվում էին թիկունքից հարձակվել Հայոց թագավորի զորքերի վրա։

Երբ այս ամենը կատարվում էր, գուժկան եկավ Արշակ թագավորի մոտ. նրան հայտնեցին, թե՝ «Դու այդտեղ Ատրպատականում նստած՝ թշնամուն սպասում ես դիմացից, իսկ թշնամիները քո թիկունքը անցնելով երկիրը կոտրեցին և հիմա գալիս են քեզ վրա»։ Երբ այս լսեցին Հայոց Արշակ թագավորը և նրա Վասակ զորավարը, զորահանդես կազմեցին։ Վասակ զորավարի ձեռքի տակ այդ ժամանակ պատրաստ գտնվեց պատերազմական գործի պիտանի մոտ վաթսուն հազար մարդ, ընտիր պատերազմողներ, որոնք միաբան, միասիրտ, հոժարակամ գնում էին պատերազմի, որպեսզի հասնեն ու պատերազմեն իրենց կանանց ու որդիների համար, իրենց կյանքը զոհեն երկրի համար, իրենց բնակած տեղերի համար, կռվեն իրենց եկեղեցիների համար, սուրբ եկեղեցիների սպասավորների համար, իրենց հավատի ու աստծու համար, իրենց բնիկ տերերի՝ Արշակունիների համար։ Որովհետև նույնիսկ թագավորների ոսկորներն ու բազմաթիվ ժողովուրդ տեղահան արված օտարություն էին քշված։

Ապա Վասակ սպարապետը իր վաթսուն հազարով առաջ շարժվեց. իր ետևը թողեց Արշակ թագավորին սպասավորների հետ Մարաց աշխարհում մի ամուր տեղում, իսկ ինքը եկավ հասավ Հայաստանի միջնաշխարհը՝ Այրարատյան գավառը՝ այնտեղ գտնում է Պարսից զորքերը, որոնք այնտեղ կուտակվել բանակ էին դրել մեծ բազմությամբ, ինչպես ավազը ծովի ափին՝ բանակած Այրարատյան գավառում։ Վասակն իր հետ եղած գնդով այնտեղ հասնելով՝ գիշերով անսպասելի կերպով գրոհ է տալիս Պարսից թագավորի բանակի վրա։ Եվ տեղնուտեղը սրի են անցկացնում Պարսից բոլոր զորքերը. միայն թագավորը հազիվ ճողոպրում փախ-