Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չում է մի ձիով։ Մնացածներին հալածելով փախցնում են իրենց սահմաններից դուրս և նրանցից անթիվ ու անհամար ավար են խլում, որ չափ ու հաշիվ չունեին։ Նրանց բոլորին առհասարակ կոտորեցին իրենց սրերով, խլեցին նրանցից իրենց թագավորների ոսկորները, որ պարսիկները գերի էին տանում Պարսից աշխարհը։ Որովհետև նրանք, ըստ իրենց հեթանոսական կրոնի՝ ասում էին. «Նրա համար ենք մենք Հայոց թագավորների ոսկորները մեր աշխարհը տանում, որ այս աշխարհի թագավորների փառքը, բախտն ու քաջությունը այստեղից թագավորների ոսկորների հետ մեր աշխարհը փոխադրվեն»։ Արդ՝ Վասակը խլում է նրանցից Հայաստան աշխարհի բոլոր գերիները, իսկ թագավորների ոսկորները, որ նրանցից Վասակը խլեց, տարան, թաղեցին Աղձք կոչված ամուր գյուղում՝ Այրարատ գավառում, որ գտնվում է Արագած մեծ լեռան նեղ ու դժվարամուտ խորշերից մեկում։ Իսկ իրենք հոգ տարան աշխարհը խաղաղացնելու, բարեկարգելու, գերիները տեղավորելու, այրածն ու ավերածը նորոգելու։ Բայց այս անգամ էլ չարագործ Մերուժանը Պարսից թագավորի հետ փախչում ազատվում է։ Այնուհետև Արշակ թագավորը Վասակ զորավարի հետ պահպանում է երկիրը, սահմանագլխի երկու դռներն զգուշությամբ պահելով՝ որքան ժամանակ որ կենդանի էին։


Գլուխ ԻԵ

ԹԵ ԻՆՅՊԵ՞Ս ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐՆ ԱՐՇԱՎԵՑ ՊԱՐՍԻՑ ԱՇԽԱՐՀԸ,

ՔԱՆԴԵՑ (ԵՐԿԻՐԸ) ԵՎ ԿՈՏՈՐԵՑ ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԻ

ԲԱՆԱԿԸ ԹԱՎՐԵՇՈԻՄ:

Այնուհետև Հայոց Արշակ թագավորը զորք է հավաքում, կուտակում է իր մոտ ավազի բազմությամբ զորք և վեր է կենում գնում է Պարսից աշխարհի վրա։ Ապա Վասակը վերցնում է Հայոց գունդը, օգնության է կանչում նաև հոներին