Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիրքը. ձեզանից ոմանք նրանից են նշանակվել գավառների տերեր, ոմանք՝ աշխարհների մեծամեծներ, ոմանք՝ խոշոր ավանների և գյուղերի, ոմանք՝ գանձերի և զանազան դաստակերտների։ Որովհետև Արշակունյաց պիղծ տոհմը թեպետև հանցավոր է արարիչ աստծու առաջ, ձեզ բոլորիդ աղբից բարձրացրել և ապրեցրել է, մեկին գործ տալով, մյուսին՝ պատիվ, մեկին՝ իշխանություն, մյուսին՝ գործակալություն։ Որովհետև թեպետ Արշակ թագավորը մեղավոր է աստծու առաջ և իր արարչին պարտական է տոկոսը հատուցել, վրեժը կրել, բայց աստված իր մեծ և անչափ մարդասիրությամբ խնայեց նրան և նրա պատճառովի ձեզ։

Իսկ դուք ահա կամենում եք հեթանոսների ծառայության տակ ընկնել, կորցնել ձեր կյանքն աստուծով, մերժել ձեր բնիկ տերերին, որոնք տրված են ձեզ աստծուց, ծառայել օտար տերերի և նրանց անաստված կրոնին ցանկալ։ Աստված չանի, որ դուք այդ (կրոնը) սիրեք, հավանեք ու հանձն առնեք, հեռանալով ձեր աստվածապաշտ թագավորից։ Որովհետև Արշակը թեկուզ բյուր անգամ էլ չար լինի, սակայն աստվածապաշտ է, որքան էլ մեղավոր լինի, սակայն ձեր թագավորն է։ Դուք ինքներդ իմ առաջ ասացիք, թե այսքան տարի է, որ կռվում եք ձեր անձերի և հոգիների համար, աշխարհի համար, ձեր կանանց ու որդիների համար, և որ ամենից գլխավորն է՝ ձեր եկեղեցիների, ձեր հավատի ուխտի համար, որ ունեք Հիսուս Քրիստոսի անունով, և տերը միշտ ձեզ է շնորհել հաղթություն իր անվան համար։ Հիմա դուք ձեր արարիչ Քրիստոսի փոխարեն ուղում եք ծառայել անօրենների անաստված մոգական կրոնին և նրա սպասավորներին, թողնելով մեր արարչին ու նրա պատվիրանները, թե պետք է հավատարիմ մնալ մարմնավոր տերերին, որոնց նա է ստեղծել։ Գուցե տեր աստվածն էլ ձեզ վրա բարկանա, ձեզ արմատախիլ անի, ձեզ մատնի հեթանոսների ձեռքը՝ հավիտյան ստրկաբար նրանց ծառայելու, և ծառայության լուծը երբեք ձեր վրայից չվերանա։ Եվ եթե դուք բողոքով դիմեք տիրոջը, նա ձեզ չի լսի, որովհետև դուք ինքներդ եք մտնում հեթանոս տերերի և անաստված անգետ մարդկանց ծառայության տակ, (հանձ-