Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեոս առաքյալի վկայաբանությունը և հայոց դարձը, սկզբնապես Փավստոսի Պատմության առաջին դպրությունը կոչել է Երրորդ դպրություն՝ ըստ իր Ժողովածուի: Բայց այս երկու վերջին աղբյուրների հեղինակները, այսինքն՝ Ղ. Փարպեցին և խոստաբանության խմբագրողը, ծանոթ էին հեղինակի Առաջին գլխին և սակայն բոլորովին անտես են անում նրա բովանդակությունը, ո՛չ հիշում են նրա մեջ «Առաջին» կոչված մասը և ոչ օգտվում նրանից:

Ինչո՞վ կարելի է բացատրել այս ակնհայտ հակասությունը մի կողմից՝ Ա գլխի և մյուս կողմից՝ Ղ. Փարպեցու և խոստաբանության մեջ: Ներկայումս մեր ունեցած միջոցներով, որքան կարծում եմ, մենք չենք կարող հերքել կամ մեկը և կամ մյուսը և ոչ էլ հաշտեցնել դրանք միմյանց հետ: Եվ քանի որ Ղ. Փարպեցու և Խոստաբանության տեղեկություններն իրար բոլորովին համերաշխ են ու արդարանում են մեր ունեցած Փավստոսի ծավալով, ուստի այս տեղեկությունները մենք համարում ենք անկասկածելի և ստույգ: Գալով Ա գլխի տեղեկությանը, «...է ինչ մեր պատմութիւն՝ որ առաջին է»... երկու ենթադրություն կարող ենք անել. կա՛մ նա սխալ է, կա՛մ ստույգ: Եթե սխալ է, այսինքն՝ եթե Փավստոսի Պատմությունը ոչ մի ժամանակ չի պարունակել մի սկզբնական՝ այժմ կորած մաս, այս դեպքում պարտավոր ենք եզրակացնել, թե Ա գլուխը աղավաղված է, որ նրա մեջ ընդմիջարկություն պետք է համարել «...է ինչ մեր պատմութիւն՝ որ առաջինս, և ինչ՝ որ վերջին է, իսկ որ միջին ինչ եղև, այն ի ձեռն այլոց գրել գրեցաւ»[1]: Եթե այս երկու տողը դուրս գցենք Ա գլխից, մնացածը գեղեցիկ կերպով կհամապատասխանի Ղ. Փարպեցու գրածին և Խոստաբանությանը: Իսկ եթե Ա գլուխը ստույգ է, նրա մեջ աղավաղություն չկա, այս դեպքում պարտավոր ենք ընդունել, որ Փավստոսը գրած է եղել հայոց պատմության մի սկզբնական մաս էլ, որ հայտնի չէ որտեղից սկսվելով՝ հասնում էր մինչև Սանատրուկ թագավորը: Այս մասը պետք է համարենք անհետ կորած դեռ հինգերորդ դարի վերջերում, քանի որ Ղ. Փարպեցին, որ գրում էր նույն դարի իննսունական թվականների վերջերին, այս մասը չգիտեր[2]:

  1. Այսպես էլ ենթադրել են Գ. Մենևիշյանը և Fr. Murad-ը: Տե՛ս Ա. Մատիկյան, «Անանունը կամ կեղծ Սեբեոս», եր, 16 — 17, ծանոթ.։
  2. Խոստաբանության և Ա գլխի մեջ եղած այս հակասությունը թերևս կարելի լինի հաշտեցնել, եթե «պատմութիւն» բառին տանք ոչ գիրք նշանակությունը, ինչպես մինչև այժմ ընդունվում է, այլ «պատմվածք, զրույց» նշանակությունը, ինչպես շարունակ գործ է ածվում Փավստոսի երկում։ Այս դեպքում Ա գլխի հատվածը «է ինչ մեր պատմութիւն՝ որ առաջին է» ևն., կարելի է հասկանալ այս մտքով, թե մենք այնպիսի պատմություն ունենք, որ առաջին է, և այնպիսի, որ վերջին է, իսկ միջին պատմությունները գրված են ուրիշների ձեռքով, այսինքն՝ մեր գրած պատմությունների մեջ կան, որ վերջին ժամանակներին են վերաբերում, կան որ առաջին անգամ են գրվում, իսկ միջին բաները գրվել են ուրիշների ձեռքով: Այս մտքով առաջին պատմությունները հիրավի կան Փավստոսի գրքում, օրինակ՝ Գ դպրության մեջ Գլ. Ժ, Դ դպրության մեջ՝ Գլ. Ը, Թ, Ժ, Ի և Զ դպրության մեծ մասը: