Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նույնպես նրանից շնորհակալ են լինում Հոռոմոց զորագլուխները։ Ներսես եպիսկոպոսապետն ևս օրհնում է Մուշեղ զորավարին և ասում է. «Տեր Քրիստոսը քեզ օրհնի, քեզ հաջողություն տա, քեզ հաղթություն շնորհի քո ամբողջ կյանքում, քո ձեռքով, քո տոհմի ձեռքով նա փրկի Հայոց աշխարհը մինչև հավիտյան»:

Ապա Հայոց Մուշեղ զորավարը գունդը կազմակերպեց, պատրաստեց և այս Հայոց գնդով իբրև առաջապահ գնաց Պապ թագավորից ու Հունաց կայսերական գնդից առաջ: Ապա Դարանաղյաց գավառում Մուշեղը հարձակում է գործում՝ երբ իբրև առաջապահ գալիս հասնում է Հայաստանի միջնաշխարհը. այստեղ Մուշեղն սպանում է Պարսից Զիկ և Սարեն զորագլուխներին, բոլոր զորքերը սրի բերան է տալիս, կենդանի չի թողնում ոչ ոքի, և մինչև բուն սահմանը՝ Ատրպատականի Գանձակ քաղաքը, ամբողջ երկիրը գրավելով պահում է:

Եվ Հայոց Պապ թագավորը եկավ մտավ Հայոց աշխարհը ու թագավորեց նրա վրա, նա առավ բոլոր այն ամուր բերդերը, որ գրավել էին պարսիկները, տիրացավ և Դարոնք բերդին Կոգի երկրում, որտեղ պահվում էին Արշակունիների գանձերը շատ մեծ քանակությամբ, որովհետև բերդապահները հավատարիմ մարդիկ էին։ Քանի որ թեպետ այն ժամանակից ի վեր, երբ Հայոց Արշակ թագավորին Պարսկաստան տարան, շարունակ պարսիկները կռվեցին այդ բերդի դեմ, սակայն չկարողացան առնել, մինչև որ Պապ թագավորր եկավ Հայոց աշխարհը, և գանձն ամբողջապես հասավ Պապ թագավորին։ Իսկ Հունաց զորքերը (տեղավորվում էին) Եռանդում և Բախիշում և բաշխում էին Հայոց աշխարհի բոլոր գավառներում, բայց միայն չարագործ Մերուժանը փախչում է մի ձիով:

Եվ Հայոց Մուշեղ զորավարը շրջում է երկրում. ավերում է Մաղդեղական ատրուշանները, և մազդեզականներին, որոնց որ բռնում էին, Մուշեղ սպարապետը հրամայում է բերել կրակով խորովել։ Եվ բերդերի շատ բերդապահների չարաչար մահով սպանում էին. և շատ պատվավոր ազնվականների, որոնք Պարսից թագավորից պատիվ էին վայելում, ձերբակա—