Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նույնպես և Հայոց այն զորքերի համար, որ մնացել էին Պապ թագավորի մոտ: Ավարից մաս հանեցին նաև Հունաց զորավարների համար, որոնք Պապ թագավորի մոտ էին, այնպես էլ բոլոր զորքերին բաժինն էին հանում բերած ավարներից։

Բայց երբ Հայոց զորքերն իրենց երկիրը դարձան, Հայոց զորքերից շատերը Պապ թագավորի առաջ ամբաստանեցին Մուշեղ սպարապետին, թե ինչո՛ւ նա ազատ արձակեց Պարսից թագավորի կանանց, որ մեր թշնամին է. և Հայոց Պապ թագավորը այս բանի պատճառով երկար ժամանակ ոչ քիչ թշնամությամբ էր վարվում Մուշեղի հետ։


Գլուխ Գ

ՀԱՅՐ ՄԱՐԴՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԸ

ՀՐԱՄԱՅԵՑ ՆՐԱՆ ՍՊԱՆԵԼ:

Ապա Պապ թագավորին պատմեցին այն վիրավորանքների մասին, որ Հայր մարդպետը հասցրել էր Պապ թագավորի մորը՝ Փառանձեմ տիկնոջը, այն անարգանքների, որ նա հասցրել էր Փառանձեմին բերդում պաշարված ժամանակ. որովհետև այդ ժամանակ նա բերդը մտավ գաղտնի, ինչպես մի բոզի անարգեց տիկնոջը և դուրս եկավ ու փախավ։ Այս բոլորը պատմեցին թագավորին։ Արդ՝ երբ Հայր մարդպետը շրջում էր իր իշխանության մեջ Տարոն գավառում, և Մուշեղն էլ նույն գավառումն էր, իր Ողական կոչված ամրոցում, Եփրատ գետի վրա, Պապ թագավորից դեսպան եկավ Հայոց Մուշեղ զորավարի մոտ և բերեց նրան մի հրովարտակ։ Հրովարտակում հրամայված էր Մուշեղին, որ չարաչար մահով սպանի Հայր մարդպետին։ Այս հրամանն ստանալով՝ (Մուշեղը) նենգությամբ մարդ է ուղարկում Հայր մարդպետի մոտ և հրավիրում է նրան իր մոտ Ողական ամրոցը՝ մեծարանքի համար։ Ձմեռվա ցուրտ օրեր էին, և Եփրատ գետը սառել էր։ Հայր մարդպետը, մեծարանքի հրավիրվելով՝ եկավ մտավ Ողական բերդը։ Եվ Մուշեղ զորավարը զորքին հրաման տվեց նրան բռնել, մորեմերկ անել, ձեռքերը ծնկների ներքև կապել, գետն իջեցնեք և դնել գետի սառույցի վրա։ Այնտեղ էլ սատկեց։ Մյուս օրը գնացին տեսան, որ ցրտից գլխի ուղեղը