Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քթից դուրս է թափվեր Նրա փոխարեն Հայր մարդպետի պաշտոնին (նշանակեցին) Դգղակ անունով մեկին, որ մի անգամ արդեն Արշակ թագավորի կամ նրա հոր Տիրանի ժամանակ վարել էր նույն մարդպետության պաշտոնը։


Գլուխ Դ

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՏԵՂԻ ՈԻՆԵՑԱՎ ԲԱԳՐԱՎԱՆԴ

ԳԱՎԱՌԻ ԲԱԳԱՎԱՆ ԱՎԱՆՈԻՄ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԵՎ

ՀԱՐՍԻԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ:

Սրանից հետո Պարսից թագավորը նորից զորահավաք է կատարում և իր ամբողջ ուժով ու զորությամբ և բոլոր զորքերով շարժվում գալիս հասնում է Ատրպատական աշխարհը։ Ինքը քիչ զորքերով մնում է այնտեղ, իսկ զորքերի ամբողջ բազմությունը պատերազմի է ուղարկում Պապ թագավորի դեմ։ Պարսից գորքը գալով ասպատակում է և հասնում մինչև Հայաստանի միջնաշխարհը։ Այն ժամանակ Հայոց Պապ թագավորն էլ հրամայում է զորաժողով անել Բագավանում։ Հունաց զորքն էլ, որ գտնվում էր Եռանդում ու Բախիշում, եկավ, միասին հավաքվեցին Պապ թագավորի մոտ, իրենց բանակի շուրջը փոս կտրեցին Նպատ լեռան մոտ, Եփրատ գետից ոչ հեռու. կազմակերպվեցին, պատրաստվեցին ճակատամարտի։

Ահա Հայոց զորավար Մուշեղ սպարապետր հավաքում է Հայկական ամբողջ զորքը. ավելի քան իննսուն հազար մարդ կազմակերպվեցին, պատրաստվեցին։ Իսկ երբ Պարսից Շապուհը իր զորքերը դասավորում է Հայոց աշխարհի և Հունաց զորքերի դեմ, այնտեղ՝ Պարսից թագավորի մոտ է լինում Աղվանից Ուռնայր թագավորը։ Արդ՝ Ուռնայրը առաջ է գալիս և Պարսից Շապուհ թագավորից պարգև է խնդրում՝ ասելով. «Այրերի մեջ քաջ, եթե կամենում ես, ինձ իբրև պարգև հրաման տուր, որ Պապ թագավորի հայկական զորքի դեմ ես ինքս դուրս գամ իբրև առաջապահ կռվող իմ գնդով, որովհետև Արյաց գնդին պատշաճ է Հունաց զորքերի դեմ դուրս գալ, իսկ ես իմ գնդով Հայոց իշխանների դեմ դուրս կգամ»։ Եվ Շապուհ թագավորը հավանություն տվեց, շնորհակալու-