Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուն հայտնեց ու հրաման տվեց։ Բայց Մերուժան Արծրունին պատասխան տվեց ու ասաց Ուռնայրին, «Դու գազ ղրկեցիր» շատ զարմանալի կլինի» եթե հավաքել կարողանաս»։ Եվ Մերուժանը մի մարդու միջոցով գաղտնապես լուր ուղարկեց Հայոց Մուշեղ զորավարին, «Գիտցի՛ր և պատրաստվի՛ր, Մուշեղ, որ Աղվանից Ուռնայր թագավորը մեծ պարծանքով քեզ պարգև է խնդրել։ Նայի՛ր, թե ինչ պիտի անես»։

Բայց մինչ Պարսից զորքերը չվում գալիս էին Հայոց վրա, նրանց հետ էր և Աղվանից Ուռնայր թագավորն իր գնդով։ Աղվանից թագավորը խոսում է իր մոտ եղողների հետ և ասում, «Ձեզ այժմվանից հիշեցնում եմ, որ մտքներում պահեք, երբ մենք Հունաց զորքերը ձերբակալենք, նրանցից շատերին կենդանի թողեք, որպեսզի կապենք ու տանենք Աղվանք և իբրև կավագործ, գալատոս և որմնադիր աշխատեցնենք մեր քաղաքների, ապարանքների և ուրիշ պիտույքների համար»։

Երբ Պարսից և Հունաց երկու գնդերը եկան իրար մոտեցան և պատրաստվում էին կռվի, Հայոց Պապ թագավորն էլ զինվեց ու պատրաստվեց ճակատամարտի մեջ մտնելու։ Բայց Տերենտը՝ Հունաց զորավարը, թույլ չտվեց, որ Պապ թագավորը կռվի մեջ մտնի։ Նա ասաց, «Հունաց թագավորը մեզ ուղարկեց քեզ համար, թե գնացե՛ք նրան պահպանեցե՛ք։ Արդ՝ եթե քեզ մի բան պատահի, մենք ի՞նչ երեսով պետք է տեսնենք մեր թագավորին կամ ի՞նչ պիտի պատասխանենք։ Եթե մենք այստեղ առանց քեզ կենդանի մնանք ու մեր թագավորի մոտ հասնենք, մենք գլխապարտ կմնանք մեր թագավորի առաջ։ Դու, արքա, արա՛, ինչ որ ասում ենք քեզ, ա՛ռ Ներսես եպիսկոպոսապետին, գնա՛ Նպատ լեռը, մի ամուր անվտանգ տեղ նստի՛ր, և թող սուրբ Ներսես եպիսկոպոսապետը աղոթք անի և խնդրի աստծուց, որ մեզ հաղթություն տա։ Այնտեղից բարձրից կնայես և կտեսնես մեր ջանքերն ու աշխատանքը պատերազմի ընթացքում, ամեն մեկի քաջությունն ու երկչոտությունը, որ քո առաջ կկատարվեն»:

Պապ թագավորը համաձայնվեց այս խոսքերին, իր հետ վերցրեց Ներսես քահանայապետին և ելավ նստեց Նպատ լեռան վրա, իսկ Հունաց ու Հայոց զորքերն իջան պատերազմի