Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երբ աղանդերի հերթը հասավ, նրա առաջ դրին միրգ, խնձոր, վարունգ ու ամիճ և դանակ տվին, որպեսզի կարի և ուտի, ինչպես կամենում է։ Դրաստամատն էլ ոտքի կանգնած՝ նրան շատ ուրախացնում էր և մխիթարում։ Երբ նա խմեց, գինին գլուխն ընկավ, նա հարբեց ու հպարտացավ և ասաց. «Վա՜յ ինձ, Արշակիս. որտեղի՜ց ուր ընկա և ի՞նչ օրի հասա»։ Այս ասելով՝ դանակը, որ ձեռքին բռնած ուներ, որով միրգը կամ ամիճը պիտի կտրեր, խրեց իր սիրտը և իսկույն մեռավ հենց նստած տեղում։ Դրաստամատը երբ այս տեսավ, վրա ընկավ, դանակը քաշեց հանեց նրա մարմնից և խրեց իր կողը։ Նա էլ նույնպես նույն ժամին մեռավ։


Գլուխ Ը

ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ԴԱԴԱՐԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ԿՈՎՄԻՑ, ՈՐԻՑ ՀԵՏՈ

ՄՈԻՇԵՂ ՍՊԱՐԱՊԵՏԸ ՍԿՍԵՑ ԿՌՎԵԼ ՆՐԱՆՑ ՀԵՏ, ՈՐՈՆՔ ԱՊՍՏԱՄԲՎԵԼ

ԷԻՆ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ ԵՎ ՄԵԾԱՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՎ ՇԱՏ

ՏԵՂԵՐ ՆՎԱՃԵՑ: ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՏՐՊԱՏԱԿԱՆՈՒՄ

ԵՎԱԾ ԿԱԼՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ:

Ապա, երբ պատերազմը Պարսից կողմերից դադարեց և (հայերն) այդ կողմից ապահովվեցին, այնուհետև Հայոց Մուշեղ սպարապետն սկսում է նրանց, որոնք ապստամբվել էին Արշակունյաց թագավորության դեմ։ Նախ նվաճում է Հայոց թագավորի կալվածքը, որը գտնվում էր Ատրպատականում։ Ատրպատճանցոց բոլոր գավառներն ավերում է, մեծ քանակությամբ գերիներ է վերցնում նրանցից, մնացածներին նվաճում է և հարկատու դարձնում, վերցնում է նրանցից նաև շատ պատանդներ։


Գլուխ Թ

ՆՈՇԻՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ:

Մուշեղը ջարդում է նաև Նոշիրական աշխարհի ապստամբներին, որոնք ապստամբվել էին Հայոց թագավորի դեմ։ Երկիրը գրավում, ավերում և գերում է. մնացածներից պատանդներ է վերցնում և երկրի բնակիչներին հպատակ ու հարկատու է դարձնում։