Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա հասակով ավելի ծեր էր, ամեն մարդ սպասում էր նրա մահվան, որպեսզի կարողանա մարմինը ձեռք բերել։ Սուրբ Շաղիտան իմանալով, թե շատ մարդիկ սպասում են, որ իր մարմինը ձեռք բերեն, աստծուց խնդրեց, որ իր մարմինը ոչ ոքի ձեռքը չանցնի։ Եվ օրերից մի օր, երբ նա ըստ սովորության անցնում է Կորդուքի գետով, մինչ ջրի մեջ կանգնած էր. հանկարծ ջրի տակ գնաց և ծածկվեց սուրբ Շաղիտան համաձայն իր խնդրանքի, ինչպես որ խնդրել էր։ Գավառում մեծ գույժ ընկավ. մարդկանց մեծ բազմություն եկավ, մի տեղ կուտակվեց. գետի ջուրը կտրեցին, ուրիշ կողմ դարձրին և փնտրում էին սուրբ Շաղիտայի մարմինը, բայց ոչ մի տեղում չկարողացան գտնել, որովհետև նա առաջուց այդպես էր խնդրել աստծուց, և իր խնդիրքը կատարվեց։


Գլուխ Իէ

ՍՈՒՐԲ ԵՊԻՓԱՆԻ ՄԱՍԻՆ:

Երանելի սուրբ Եպիփանը սուրբ Շաղիտայի ընկերն էր եղել և Մեծ Դանիելի աշակերտը. սա էլ մանկությունից ի վեր սնվել էր անապատում։ Ներսես մեծ քահանայապետի մահից հետո եկավ բնակվեց Մեծ Ծոփքում, Մամբրե կոչված տեղի անապատում, Մամուշեղ անունով գետի վրա։ Նա բնակվում էր քարանձավներում և շարունակ լինում էր անապատի գազանների հետ. նրա մոտ հավաքվում էին արջեր և ինձեր։ Նա միշտ լինում էր անապատում, մեծամեծ հրաշքներ և սքանչեչիքներ էր գործում, շատ մոլորյալներ հեթանոսությունից քրիստոնեության էր դարձնում, Ծոփք երկիրր լցնում էր վանքերով, ուսուցիչներ էր նշանակում Ծոփքի ամբողջ երկրում, սուրբ Եպիփանը Ծոփքի երկրի համար լույս էր դառնում, մեծապես լուսավորում էր ժողովուրդը։

Անցնում է նաև Աղձնյաց երկիրը, նրանց էլ լուսավորում է, Աղձնյաց երկիրը լցնում է վանքերով և մի վկայարան է շինում Տիգրանակերտ քաղաքում, և սրբերի հիշատակն էին այնտեղ կատարում, որ նրանց բարեխոսությամբ աշխարհը փրկվի, ինքն էլ հրաշքներ է կատարում և վերադառնում