Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քո փառքի, կերպարանք է քո էության, որ կրում է ամեն ինչ զորավոր խոսքով, որ ոչինչ չհափշտակեց հոր էական բնությունից իր անձի պատվի համար, այլ հավիտենական աստված երկրի վրա երևաց, մարդկանց հետ շրջեց, սուրբ կույսից մարմնացավ, ծառայի կերպարանք առավ և մեր տկարության նմանվեց, որպեսզի մեզ նմանակից դարձնի իր փառքին։ Դու մեզ փրկեցիր ամեն տեսակ գայթակղությունից և մոլորությունից, աշխարհից վերացրիր որևէ անհույս թերահավատություն և քո բոլոր արարածներին շնորհեցիր հարության հույս ու հավատ և նմանություն քո պատկերին ու կերպարանքին, և բոլորին առհասարակ կյանք շնորհեցիր այն հավատով, որը զորացրիր մարդկանց մեջ։ (Այս բոլորն արիր) ոչ թե մեր որևէ արդարության համար, որովհետև մենք աշխարհիս վրա ոչ մի բարիք չենք գործել, այլ քո ողորմության և գթության շնորհիվ, որ մեր վրա սփռեցիր, համարձակվում ենք խնդրել սրտագետիցդ, որ քննում ես մարդկանց սրտերն ու երիկամունքը, դու, տեր, որ բոլորի սրտերը դիտես, դու ճանաչում ես այս մարդու ճշմարիտ ճգնությունները, որ խստակյաց կյանք է վարում իր ճգնողական կյանքում, սակայն սրա մեջ պակասում է հավատը. արդ՝ տուր սրան հավատ մի մանանեխի հատիկի չափ, որպեսզի չկորչի։ Ո՜վ քաջ հովիվ, որ դուրս եկար կորած ոչխարը փնտրելու, որ քո անձը դրիր քո խաշների վրա, սրան ևս փրկի՛ր թերահավատությունից, որով բռնված է, որպեսզի թշնամին սրան չհափշտակի և այս քո ստեղծածը, որ քո կերպարանքի նմանությունն է կրում, հավիտենական կորստի չմատնվի»։

Այս աղոթքն արեց քահանան պատարագը մատուցելուց առաջ, հետո սկսեց պատարագը և ամբողջ պատարագամ ատույցը վերջացրեց։ Երբ նա ասաց. «Հայր մեր, որ յերկինս ես», ծունկ չոքեց և երկար աղոթք արեց։ Եվ մինչ նա ծունկ չոքած աղոթք էր անում, թերահավատ եղբայրը ոտքի կանգնած՝ ներքևից՝ բեմից նայում էր դեպի սեղանը և բաց աչքերով մեծամեծ հրաշքներ սկսեց տեսնել։ Նա տեսնում էր Քրիստոսին, որ իջել էր սեղանի վրա, բացել էր կողքի վերքը, որ գեղարդով խոցելուց էր գոյացել, և կողքի վերքից արյունը կաթկթելով հոսում էր պատարագի բաժակի մեջ, որ դրված