Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները ձեռքներին, դուրս են գալիս իրար դեմ ախոյաններ։ Երբ Վարազդատ թագավորը գալու ժամանակ աչքերը վեր բարձրացրեց և Մանուել սպարապետին տեսավ ու նկատեց նրա հասակի մեծությունը, անձի շքեղությունը, նրա ոտքից մինչև գլուխ երկաթապատ ամրակուռ և անխոցելի զինվածությունը, պինդ կազմվածքը, ուժեղ երիվարը, երիվարի անդրդվելի սպառազինությունը, իր մտքում նրան համեմատեց մի բարձր, անմատույց լեռան հետ։ Բայց մահը աչքն առնելով՝ հարձակվեց, որովհետև փրկության ուրիշ հույս չուներ։ Բայց որովհետև Վարազգատ թագավորը մանուկ մարդ էր և կռվի շատ տեղյակ չէր, նրան այնպես տեսնելով, կարծեց, թե նրա զրահներին նիզակը չի կարող ազդել, ուստի իր ձեռքի ամբողջ ուժով նիզակով Մանուել զորավարի բերանին խփեց, իսկ Մանուելը բռնեց նիզակից, նրանից տեղը պոկելով իր թշովն անցկացրեց, որի ժամանակ շատ ատամներ կորցրեց և նիզակը թագավորի ձեռքից խլեց։

Եվ Վարազգատ թագավորը փախուստի դիմեց Մանուել զորավարի առաջ, իսկ Մանուելը նրան հասնելով նիզակի տեղը ձեռքին բռնած՝ նիզակի կոթով ծեծում է Վարազգատ թագավորի կառափը և այսպես քշում է չորս ասպարեզ Մանուելի որդիները՝ Հմայակն ու Արտաշեսը, իսկույն վրա հասան, նիզակները ձեռքներին, որ թագավորին սպանեն: Իսկ ինքը՝ Մանուելը, որդիների ետևից աղաղակում է. «Էհե՜յ, տիրասպան մի՛ լինեք»։ Նրանք էլ իրենց հոր ձայնը լսելով, իսկույն արագ հեռացան թագավորից:

Այդ օրն արքայական գունդը պարտություն կրեց Մանուելի գնդից։ Ոչ սակավ սպանվածներ ընկած էին դաշտի վրա. շատերը խոցված, հաշմացած, վիրավորված, շատ նախարարներ կոտորվեցին և շատերն էլ հալածվելով փախուստի դիմեցին։

Մինչ Մանուելի գունդը փախստականների ետևիցն էր ընկել, Մամիկոնյան տոհմից մի սեպուհ՝ Համազասպյան անունով, գալիս անցնում է ընկած դիակների և խոցված վիրավորների մոտով։ Սրանց մեջ էր գտնվում և Գարեգինը՝ Ռշտունյաց գավառի տերը, որ ընկած էր գետնին, բայց ողջ էր: