Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րին։ Որոշում են Հայոց աշխարհից Պարսից թագավորին հարկ տալ, ընծաներ ու նվերներ: Նույնպես և Սուրեն մարզպանին նշանակեցին հասույթներ, ռոճիկի և ապրուստի մթերքներ, այսպես և տասը հազարին ուտեստ, որքան պետք էր։ Եվ սրտանց նրանք իրենց թիկունք ու տեր դարձրին Պարսից թագավորին ու նրա ծառայության մեջ էին գտնվում։ Պարսից թագավորի դեսպանները հաճախակի գնում-գալիս էին Հայոց աշխարհը. սրանք էլ ցույց էին տալիս թագավորին իրենց մտերմությունն ու հավատարմությունը, և հաճախ թագավորը պարգևներ էր ուղարկում Զարմանդուխտ տիկնոջը ու Հայոց Մանուել զորավարին, և Մանուելը շատ մտերիմ ու սիրելի դարձավ Պարսից թագավորին, որ նրան շատ փառավորեց և բարձրացրեց։

Իսկ Մերուժան Արծրունին երբ տեսնում է այս բոլոր փառքն ու պատիվները, որով Պարսից թագավորը ՄանուելիՆ շքեղացրեց, որովհետև եղբոր նման, որդու նման նրան պատվեց,— շատ նախանձեց Մանուելի փառքին, և մի հնարք էր փնտրում՝ նրան Պարսից թագավորի աչքից գցելու, որպեսզի նրա փոխարեն ինքը դառնա սիրելի։ Եվ երբ նա ոչ մի հնարք չգտավ, նենգության ոչ մի դուռ չգտավ պարսիկների մոտ մտնելու, ապա նա իր մտքում նենգության չար միջոց մտածեց, իր մտադրությունը հաջողեցրեց կեղծավորության միջոցով։ Նա հույս դրեց Մանուել զորավարի միամտության վրա, ուստի նախ սկսեց անձնվիրությամբ նրա համակրանքը շահել, մտերմությամբ նրա խելքը առավ։ Ապա իրեն հոգացող և խնամատար էր ցույց տալիս նրան։ Հետո գալով՝ իր գլխից հնարած սուտ լուր է հաղորդում ու ասում. «Գիտցած եղիր, ո՛վ Մանուել, Պարսից թագավորից դեսպան է եկել, քո վերաբերյալ հրաման են բերել Սուբենին, որ քեզ բռնեն ու կապեն, կա՛մ այստեղ սպանեն, կա՛մ ձեռք, ոտք ու պարանոց կապած մեծ զգուշությամբ տանեն Պարսից թագավորի մոտ։ Հիմա դու գիտես. մտածի՛ր, թե ի՞նչ պիտի անես»։ Մանուելը երբ այս լսեց, ապշած, զարմացած մնաց իր մտքում և ասաց. «Ես պարսիկների դեմ ոչ մի հանցանք չեմ գործել, ուրեմն ինչո՞ւ նա այդպիսի բան պետք է մեզ անի»։ Իսկ Մերուժանն ասում է Մանուելին. «Ես ճշգրտեցի ու հաստատեցի,