Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զանազան ապացույցներ կան այս բանի համար: Փավստոսի Պատմությունը ծայրեծայր լիքն է անհավատալի առասպելներով, չափազանցություններով, հրաշքներով. այնքան շատ են նրանք, որ օրինակներ բերելն ավելորդ է: Որտեղի՞ց են առաջ եկել այս անիրական տեղեկությունները: Դրանք հեղինակը չի ստեղծել իրենից՝ գիտակցաբար ստեր հորինելով, դրանք ժողովրդի ստեղծագործություններն են. մի որևէ աչքի ընկնող դեպք, բերնից բերան անցնելով, սերնդից սերունդ ավանդվելով, Հետզհետե զարգացել ու զարդարվել է ժողովրդի երևակայությամբ և կատարյալ վիպական բնույթ է ստացել՝ բնականից գերբնականի փոխվելով: Այսպես են ստեղծվում սովորաբար Ժողովրդական ավանդություններն ու հրաշքները: ժողովրդական ավանդության գոյությունը Փավստոսի Պատմության մեջ արդեն շատերն են նկատել բանասերներից, ինչպես վերը տեսանք: Երկու բանասեր նույնիսկ այնքան առաջ են գնացել, որ փորձել են, մեկը մյուսից անկախ, Փավստոսի պատմածը տողատել, չափական ձևերի վերածել, ինչպես «Սասնա ծռեր»-ի պատումները[1]: Արդ՝ այն հանգամանքը, որ Պատմության հեղինակին իբրև աղբյուր են ծառայել Ժողովրդական ավանդությունները կամ վեպը, ցույց է տալիս, որ նա ժամանակակից չէ այն իրական անցքերին, որոնցից ձևացել են ավանդությունները կամ վեպը, նա այնպես լսել է ժողովրդից, այս կամ այն ծերունա կամ գուսանի բերանից ու գրի առել:


ԱԿՆԱՐԿՈԻԹՑՈԻՆՆԵՐ Ե ԴԱՐԻ ԱՆՑՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Փավստոսի Պատմության մեջ երկու տեղ, տեսիլքի կամ անեծքի ձևով, կան ակնարկություններ Հինգերորդ դարի անցքերի մասին: Մանուկ Հուսիկը, որ տխրում էր իր երկու որդիների անառակ վարքի պատճառով, տեսիլք է տեսնում, որի մեջ աստծու Հրեշտակը նրան մխիթարում է՝ ասելով, թե նրա զավակից ուրիշ զավակներ կծնվեն, որոնք Հայաստան աշխարհը կլուսավորեն, գիտություն և իմաստություն կտարածեն, նրանց միջոցով Քրիստոսը շատ լեզուներով կփառավորվի և այլն (Դ, ե): Հրեշտակը շարունակ հոգնակի դեմք է գործածում Հուսիկի այս շնորհալի զավակների մասին խոսելիս, ուրեմն, այս խոսքերում ակնարկություն կա ոչ միայն Ներսես Մեծի, այլև ս. Սահակի (գուցե և Մեսրոպի) մասին, որոնք լուսավորություն տարածեցին Հայաստանում և ս. Գիրքը թարգմանեցին Հայերեն, որով Քրիստոսը շատ լեզուներով փառավորվեց: Այստեղ, ուրեմն, նկատում ենք ակնարկություն հինգերորդ դարի առաջին կեսի մատենագրական շարժման մասին՝ ս. Սահակի և Մեսրոպի անմիջական մասնակցությամբ: Ուրիշ տեղ (Դ, ժե) Ներսես Մեծը անիծում է Արշակին Դնելի անպարտ սպանության պատճառով և ի միջի այլոց ասում է. «Դուք՝ Արշակունիներդ, կխմեք վերջին բա-

  1. Ակինյան, «Սեբեոս եպիսկոպոս Բագրատունեաց», յաւելուած, «Երդ տոփանագն Տիրիթայ», էջ 105—135, Մ. Արեղյան, «Սովետական գրականությունն, 1941, հունվար, էջ 78, «Սասունցի Դավիթ», էջ 57 և այլն։