Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նում վեր կենար: Իսկ Մանուել սպարապետին նրա ձիապան սպասավորները ձի են հեծցնում։ եվ Մերուժանի գլուխը կտրեցին, ու բոլոր զորքերը երբ տեսան, թե Մերուժանը մեռավ, փախուստի դիմեցին։ Իսկ այս կողմից Մանուելի գունդը խրախուսվելով հարձակվեց Մերուժանի գնդի վրա, ջարդեցին, կոտորեցին, կենդանի մարդ չթողին։

Բայց մանուկ Արտավազդը Մանուելից գաղտնի գնացել էր պատերազմի. նա սպառազինված, Մանուելի գնդից ծածուկ, գնաց Եփրատ գետի ափը, այնտեղ Մերուժանի գնդից անթիվ սպառազինված մարդ կոտորեց։ Իսկ մեկը, որ Մերուժանի նշանն էր կրում, երբ Արտավազդին տեսավ, նրան արհամարհեց, տեսնելով, որ մի կայտառ անմորուք պատանի է, գեղեցիկ դեմքով։ Ապա նշանը նիզակին փաթաթելով հարձակվեց նրա վրա։ Իսկ նա ուժերը լարելով նետով զարկեց նրան, և նետը մարմինը թափանցելով գետին ընկավ։ Ապա նիզակն առնելով հարձակվեց փախստականների ետևից և սրի քաշեց Մերուժանի զորքերը։ Այդ օրը բոլորից ավելի Վաչեի որդի մանուկ Արտավազդը կոտորած արեց ու ինքը (ետ դարձավ) մեծ անունով և լավ ավարով, որ թշնամու զորքերից կողոպուտ մնաց։

Բայց այդ օրը մեծ, անփոխարինելի վնաս է պատահում, որովհետև Վաչեի ձին, գլխի վրա գալով, նրան սպանում է։ Նույնպես և Գարջույլ Մախաղին ձին փախցրեց ու սպանեց, որովհետև երկուսն էլ անվարժ ձիեր էին հեծել։

Իսկ Մանուելը գնում հասնում է տիկնոջ բանակը. իրենց հետ տանում են նաև Մերուժանի գլուխը։ Բայց Սամուելը՝ Վահանի որդին, Մանուելի հետ չպատահեց, որովհետև նա բանակն էր դարձել։ Մանուելի բանակում եղած կանայք երբ Մերուժանի գլուխը տեսան, մեծ ճիչ ու աղաղակ բարձրացրին, որովհետև կարծեցին, թե այն գլուխը Վահանի որդի Սամուելինն է, որովհետև այն երկուսը՝ Մերուժանն ու Սամուելը, իրար նման էին։ Բայց հետո տեսան Մերուժանի գլուխը, որից ծամը կախված էր, իմացան, որ Սամուելինը չէ, այլ Մերուժան Արծրունունը, բայց ասացին. «Այնուամենայնիվ, դա էլ մեր եղբայրն էր»։ Ապա բանակը բերին Արտավազդի հոր Վաչեի մարմինը, նույնպես և Գարջույլ Մախաղի մարմինը.