Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կասես. «Ես մկրտված չէի, դու ինձ ինչպե՞ս քահանա դարձրիր»։ Նա էլ վեր կացավ ու գնաց եպիսկոպոսի մոտ և ասաց. «Ես մկրտված չէի, դու ինձ ինչպե՞ս քահանա դարձրիր»։ Հոհանը ասաց. «Մի սափորով ջուր բերեք»։ Ջուրն առավ չցրեց նրա գլխին ու ասաց. «Գնա՛, ահա քեզ մկրտեցի»։ Եվ այսպես իսկույն նրան իր մոտից հեռացրեց։


Գլուխ Թ

ՆՈԻՅՆ ՀՈՀԱՆԻ ՄԱՍԻՆ:

Մի անգամ այս Հոհանը անցնում էր մեկի այգիների մոտով, այգիները էտելու ժամանակն էր։ Մի մարդ այգու ներսից ձայն տվեց նրան ու ասաց. «Տե՛ր եպիսկոպոս, օրհնիր մեզ ու մեր այգիները»։ Հոհանն ասաց, «Փուշ և տատասկ թող բուսնի»։ Մարդն ասաց. «Փուշ ու տատասկը թող քո մարմնի վրա բուսնի, որ մեզ անմեղ տեղը անիծում ես»։ Եվ աստծուց հրաշք երևաց, որովհետև, երբ եպիսկոպոսն իր կացարանը հասավ, հարվածի ենթարկվեց, նրա բոլոր անդամներն սկսեցին ծակծկվել, կարծես փշից: Շատ օրեր նա սաստիկ ցավերից տանջվելով մեծ տագնապի մեջ էր գտնվում։ Վերջը մարդ ուղարկեց, այգեպանին կանչեց և աղաչեց, որ իր վրա աղոթք անի, որպեսզի ցավերից ազատվի։ Իսկ այգեպանն ասում է. «Ես ո՞վ եմ, որ կարողանամ մեկին օրհնել կամ անիծել, այն էլ եպիսկոպոս մարդու»։ Իսկ Հոհանը ստիպեց նրան այն աստիճան, որ նա վեր կացավ աղոթքի և ասաց. «Տե՞ր աստված, դու դիտես, որ ես մեղավոր, անարժան մարդ եմ. չգիտեմ ինչպես ընկա այս փորձանքի մեջ. դու ինձ փրկիր այս չարից, որովհետև ասում են, թե դու եպիսկոպոս մարդուն անիծեցիր, և քո խոսքով այս բանը եղավ: Ավելի լավ էր մեռնեի, չգիտեմ այս, ինչ որ ասում են իմ մասին»։ Հենց որ նա այս ասաց, եպիսկոպոսն իսկույն բժշկվեց, և ամբողջ մարմնից սկսեց փուշը դուրս թափվել, նա նման էր խոտերի փշի։ Նա անմիջապես ցավից բժշկվեց և առողջ վեր կացավ։