Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ Ժ

ՆՈՒՅՆ ՀՈՀԱՆԻ ՄԱՍԻՆ:

Այս Հոհան եպիսկոպոսը՝ Փառենի որդին, երբ գնում էր Հայոց թագավորների մոտ, նրանը համար խեղկատակություն էր անում։ Այսպես խեղկատակություն անելով՝ ինքն իրեն վարժեցնում էր ագահության, որին անհագաբար ծարավ էր, և (այդ խեղկատակությունները) նրան իբրև միջոց էին ծառայում: Նա թագավորների առաջ ձեռքերի ու ոտքերի վրա ընկնելով՝ չորեքթաթ էր տալիս, ուղտի նման կառաչում էր, ուղտի նման շրջելով։ Կառաչելու ժամանակ մի-մի խոսք էր խառնում կառաչելու ձայնով ու ասում էր, «Ո՛ւղտ եմ, ո՛ւղտ եմ, թագավորի մեղքերը վերցնում եմ, վրաս դրեք թագավորի մեղքերը, որ վերցնեմ»։ Իսկ թագավորները գյուղերի կամ ագարակների պարգևագրեր գրելով ու կնքելով՝ գնում էին Հոհանի մեջքի վրա իրենց մեղքերի փոխարեն։ Եվ այսպես ուղտ լինելով ու մեղքեր վերցնելով՝ նա Հայոց թագավորներից ձեռք բերեց գյուղեր, ագարակներ ու գանձեր։ Այսպիսի մարդ էր այս Հոհանը, որ իր ամբողջ կյանքում վարակված էր ագահությամբ ու ժլատությամբ և ագահության պատճառով անվայել գործեր էր կատարում։


Գլուխ ԺԱ

ԿԻՐԱԿՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՍԻՆ:

Տայքի Կիրակոս եպիսկոպոսը, որ Շահապ էր կոչվում, ճշմարիտ և աստվածապաշտ մարդ էր, աստծուն հաճելի, նա ճշմարիտ ուղղությամբ առաջնորդում էր իր ժողովրդին և իր կյանքի բոլոր օրերում եպիսկոպոսական պաշտոնը կատարում էր աստծու կամքի համաձայն։