Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ապա նրա թագավորությունը պետք է տևեր մինչև 400 թվականը, իսկ եթե՝ ըստ Փավստոսի՝ նրա թագավորության սկիզբը դնենք Վաղես կայսրի օրով, ապա այս թագավորությունը պետք է վերջանար հինգերորդ դարի տասական թվականներին: Թեկուզ ՆԵրսեսի 9 տարին (ամս ինն՝ ըստ Փավստոսի) ուղղենք 9 ամիս, ուրեմն, Արշակի թագավորության վերջին տարիները 9 տարով առաջ գցենք՝ 379-ին կամ 405-ին, այնուամենայնիվ բոլորն էլ սխալ կլինեն, քանի որ ստույգ հայտնի է, թե Արշակը Անհուշ բերդը դրվեց 368-ին, իսկ նրա որդի Պապը թագավորեց 368-ին կամ 369-ին:

Մի ուրիշ հաշիվ. ըստ Փավստոսի՝ Արշակն ամուսնանում է Գնելի այրու՝ Փառանձեմի հետ, որից ունենում է մի որդի՝ Պապ անունով, իսկ սա չափահաս դառնալով ու ամուսնանալով՝ ունենում է երկու որդի՝ Արշակ և Վաղարշակ: Սրանք մեծանում ու ամուսնանում են և միասին թագավորում Մանուելի խնամակալության ժամանակ (Ե, իդ), որից հետո տեղի է ունենում Հայաստանի բաժանումը Պարսից և Հունաց միջև: Քանի որ Արշակը Փառանձեմի հետ ամուսնացել է Ներսես Մեծի աքսորից վերադառնալուց կամ, որ նույն է, Վաղես կայսրի մահից հետո, ուրեմն այս ամուսնությունը և Պապի ծնունդը կարող էին տեղի ունեցած լինել ամենավաղը 378—379 թվականներին. Պապի որդիները կարող էին ծնվել 398—399-ին և ամուսնանալ ամենավաղը 410—12 թվականին: Այնինչ ըստ ստույգ տվյալների՝ Պապն սպանվել է 374 թվականին, իսկ Հայաստանի բաժանումը եղել է 384-ին:

Բավականանում ենք այս մի քանի օրինակներով[1]: Այսքանից էլ պարզ երևում է, որ Փավստոսի պատմած անցքերը լի են անտեղություններով ու հակասություններով, քանի որ ժամանակագրորեն սխալ են դուրս գալիս: Անցքերին ժամանակակից հեղինակը չէր կարող այսպիսի ակնհայտ սխալներ գործել, ուրեմն, նա գրի է առել զանազան աղբյուրներից ծագած ավանդություններ, որոնց մեջ սուտն ու ստույգը խառնված են իրար, և հեղինակը, անկարող լինելով դրանք ստուգել, անխտիր գրի է առել, որից աոաջ են եկել մեր այժմ նկատած անհեթեթությունները:

Մինչև այստեղ բերվածները անուղղակի վկայություններ էին, թե հեղինակը ժամանակակից չէ իր պատմած անցքերին, այսինքն՝ նա չի ապրել չորրորդ դարում, ուրեմն, բնագիրը հունարեն գրված չի եղել: Այժմ դառնանք ուղղակի վկայությունների, որոնք ցույց են տալիս, թե Փավստոսի Պատմությունն անշուշտ գրված է հինգերորդ դարի երկրորդ կեսում, ուրեմն, գրված է հայերեն և հայի ձեռքով:

  1. Ժամանակագրական ուրիշ անտեղություններ և մանրամասն ժամա հակադրական հաշիվներ բերված են իմ «Ուսումնասիրություն Փավստոս Բուզանդի» քննության մեջ, «Հանդ, ամսօրյա», 1896, փետր.—ապրիլ համարներում: