Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՏՄՈԻԹՅԱՆ ՀԱՅԵՐԵՆ ԳՐԱՎՈՐ ԱՂԲՅՈԻՐՆԵՐԸ

Այս վկայությունները նախ այն գրավոր աղբյուրներն են, որոնցից հեղինակը հաաճախ օգտվում է պատմության ընթացքում:

Փավստոսի Պատմության մեջ մեծ քանակությամբ քաղվածքներ կան ս. Գրքից, որոնք բոլորը բերված են ըստ հայերեն թարգմանության, որ կատարված ու ավարտված է հինգերորդ դարի երեսնական թվականներին (գոնե գլխավոր մասերը): Եթե Պատմությունն սկզբնապես Հունարեն գրված լիներ և ապա հինգերորդ դարում Հայերեն թարգմանված, այս մեջբերումները թարգմանիչը ինքը պետք է թարգմաներ, որ Հարկավ կտարբերվեր ս. Գրքի թարգմանությունից:

Նպատ լեռան վրա Ներսես Մեծը աղոթելիս մի ընդարձակ կտոր բերում է երեք մանուկների օրհնությունից, որոնք Նաբուգոդոնոսորի հրամանով նետվել էին Բաբելոնի հնոցը՝ այրվելու Համար (Ե, դ):

Արդ, այս ընդարձակ կտորը, որ սկսվում է «Յիրաւունս անցուցեր դու զայս ամենայն ընդ մեզ» և վերջանում է «Փառաւորեալդ ես ի վերայ ամենայն տիեզերաց», բառացի առնված է Հայերեն ժամագրքից և ոչ ս. Գրքից (Դանիել, Գ) , որ տարբերվում է Ժամագրքից:

Մամբրեի անապատում կատարված Հրաշքի ժամանակ (Ե, իը), երբ պատարագիչ քահանան աղոթում է մի թերահավատ միաբանի համար, մեջ է բերված մի ընդարձակ աղոթք, որ սկսվում է «Տէր աստուած զօրութեանց» և վերջանում է «որ քննես զսիրտս և զերիկամունս որդւոց մարդկան»: Այս ընդարձակ աղոթքն առնված է ս. Բարսեղի պատարագամատույցից, որ Հայերեն թարգմանված է դարձյալ Հինգերորդ դարում, բայց ներկայումս Հայոց եկեղեցիներում չի գործածվում: Հ. Գաթըրճյանը, որ առաջին անգամ երևան է հանել այս փոխառությունը, վկայում է, թե Փավստոսի մոտ այս Հատվածն ավելի անաղարտ է պահպանված, քան բուն պատարագամատույցի մեջ, այնպես որ Փավստոսով կարելի է ուղղել պատարագամատույցի մի քանի աղավաղությունները:

Պատմության հեղինակն օգտվել է նաև Հայ պատմական աղբյուրներից՝ Կորյունից, Ագաթանգեղոսից և ս. Թադեոս առաքյալի վկայաբանությունից, որոնք առանձին կարևորություն ունեն այս Պատմության գրության ժամանակը բավական ճիշտ որոշելու համար:

Կորյունից առնված են Հետևյալ Հատվածները. «Եւ առեալ դառն այր անտի. հանդերձ շնորհատուր պարգևելովն, և որք ընդ նմա երթեալք՝ իւրովքն ճանապարհորդ լիներ» (Գ, ժ):

Մի ընդարձակ հատված՝ «Եւ ոչ այնպես մեծն Մովսես-դիտաւորութիւն զճանապարհաց աւետաբերաց» (Գ, ժա), որի մեջ Կորյունը նկարագրում է Մեսրոպի վերադարձը Միջագետքից՝ աստվածատուր այբուբենով, իսկ Փավստոսը նույն խոսքերով նկարագրում է Մծբինի ս. Հակոբ Հայրապետի իջնելը լեռից՝ Նոյի տապանից մի կտոր փայտով, որ Հրեշտակը բերել էր նրան քնած ժամանակ[1]:

  1. Ֆետտեր հայագետը կարծիք է հայտնել, թե այս հատվածում Կորյունն է օգտվել Փավստոսից, որը անհավանական է: Հայերեն «աստվածատուր» գրերը կարող են համեմատվել Մովսես մարգարեի բերած «աստվածատուր» պատվիրանների հետ և ոչ թե տապանի մի կտոր փայտի հետ: