Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցիներում հայերեն ժամակարգություն մուծվելուց հետո: Բայց պատմական աղբյուրների հետ համեմատությունը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ որոշելու այն ժամանակը, երբ այս Պատմությունը գրվեց: Իրողությունը այն է, որ Փավստոսի Պատմությունը գրված է Կորյունից, Ագաթանգեղոսից և Թադեոսի վկայաբանությունից հետո. այս գրվածքների ժամանակը որոշելով՝ կգտնենք նաև այն սահմանը, որից առաջ չէր կարող գրվել Փավստոսի Պատմությունը:

Կորյունի «Վարք սրբոյն Մեսրոպայ» գրված է հինգերորդ դարի քառասնական թվականներին (մասնավորապես ո՞ր թվականին, մեր հարցի համար նշանակություն չունի): Կորյունից լայն չափով օգտվել է Ագաթանգեղոսի խմբագիրը, այն աստիճան, որ շատ բանասերներ Կորյունին են համարում Ագաթանգեղոսի Պատմության թարգմանիչը (որն ինձ թվում է անհավանական): Իսկ թե ե՞րբ է գրվել կամ խմբագրվել Ագաթանգեղոսի Պատմությունը, այս Հարցը դեռ չի լուծված որոշակի: Լ. Բ. Սարգիսյանը, զանազան գրչագրական անստույգ տեղեկությունների վրա հիմնվելով, Ագաթանգեղոսի թարգմանությունը Համարում է կատարված 426—430 թվականներին՝ Կորյունի, Եզնիկի և ուրիշ թարգմանիչների հավաքական աշխատանքով («Ագաթ. և յուր բազմադարյան գաղտնիքն», եր. 319); Իրականությանն ավելի մոտ է մի ուրիշ բանասերի կարծիքը, թե Ագաթանգեղոսի երկը գրված է 445—460 թվականների միջև: Ես այս վերջին թվականը մի-երկու տարով էլ ներքև եմ իջեցնում հետևյալ պատճառով: Աչքի ընկնող երևույթ է, որ Կորյունը, որն այնքան հաճախ ու մեծ պատկառանքով հիշում է ս. Սահակ կաթողիկոսին, ոչ մի անգամ Գրիգոր Լուսավորչի անունը չի տալիս, ոչ մի անգամ չի հիշատակում, որ իր սիրած ուսուցիչը՝ Հայաստանի լուսավորիչը, պանծալի ծագում ունի, Գրիգոր Լուսավորչի զավակն է, նրա թոռան թոռնորդին, ինչպես գիտեն և կրկնում են խորենացին ու Ղ. Փարպեցին: Սա նշանակում է, որ Կորյունը դեռ Գրիգոր Լուսավորչին չի ճանաչում: Նույն երևույթը տեսնում ենք և Եղիշեի մոտ: Մինչ Ղ. Փարպեցին առաջին կրոնական պատերազմի պատմության մեջ քանիցս հիշում է Գր. Լուսավորչին, Եղիշեն ոչ մի անգամ նույն անցքի պատմության մեջ չի հիշում: Նույնիսկ Ղևոնդ Երեցի ընդարձակ քարոզի մեջ, պատերազմի նախօրյակին, երբ սա հիշեցնում է բարեպաշտ մարդկանց օրինակներ հին կտակարանից, և երբ անշուշտ պահանջվում էին հիշյալ Գրիգորի կրած չարչարանքները, Հայաստանի՝ քրիստոնեական լույսով լուսավորվելը, Ղևոնդն էլ զանց է անում այս անունը: Դեռ ավելին. Եղիշեն բերում է Հայոց ժողովի թուղթը՝ ուղղված Թեոդոս կայսրին, որով օգնություն են խնդրում պարսիկների դեմ: Այս թղթում հիշված է, որ Տրդատը քրիստոնեություն է ընդունել Հռոմի եպիսկոպոսից (և ոչ թե Գրիգոր Լուսավորչից): Սրանք էլ նշանակում են, թե Եղիշեն էլ, որ գրել է 461 թվականին՝ Պերոզի թագավորության հինգերորդ տարում, Գրիգոր Լուսավորչին դեռ չգիտե: Սրա պատճառն այն է, որ Գրիգոր Լուսավորիչը իր վսեմ կերպարանքով, իբրև խոստովանող, իբրև Հայաստանի լուսավորիչ և առաջին կաթողիկոս, առաջին անգամ ստեղծվել է