Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նստեցնում, փոխանակ սովորական տեղում՝ Շապուհի կողքին, բայց ոտքերի տակ դարձյալ Հայաստանի հող են շաղ տալիս: Անարգանքի զգացումդ ճնշում է նրա հոգին, բայց ներքևից, Հայաստանի հողից, կարծես էլեկտրական հոսանքներ են անցնում նրա մարմնով, գրգռում, զայրացնում են. նա չի կարողանում դիմանալ այս ուժեղ հոսանքներին, վեր է կենում, կանգնում, բարձր ձայնով, բոլոր նստածների առաջ ձայն է տալիս Շապուհին. «Վե՛ր կաց այդտեղից, որ ես այդտեղ բազմեմ, որովհետև մեր տոհմի տեղն է եղել այդ, իսկ եթե իմ երկիրը հասնեմ, քեզանից խիստ վրեժխնդիր կլինեմ»: Նրան շղթաներով կապում են և Անհուշ բերդն աքսորում ցմահ: Որքա՜ն դժբախտ է այս խելակորույս թագավորը և միևնույն ժամանակ որքա՜ն վսեմ: Մայրենի հողը, որի վրա կանգնած է նա, այնքա՜ն հզոր է, այնքա՜ն լցնում է նրան արիությամբ, արժանապատվության զգացումով, որ նա արհամարհում է անխուսափելի կորուստը, հզոր է, քան մահը: Այս սքանչելի վեպը բանալի է դառնում՝ հասկանալու համար վեպի նախորդ անցքերը՝ հայի անպարտելի ուժը թշնամու միլիոնավոր բանակների դեմ կռվելիս ու հաղթահարելիս: Չէ՞ որ այդ կռիվների ժամանակ Արշակը ազատ էր, թագավոր էր և իր բնիկ մայրենի հողի վրա էր գտնվում, նա, իհարկե, անպարտելի պիտի լիներ: Կարծես այս վեպը մի հայկական տարբերակը լինի հունաց դիցաբանության վեպի՝ Անթեոս հսկայի մասին, որի հայրը Պոսեյդոնն էր, իսկ մայրը՝ Գեան ( = Երկիրը): Նա բոլոր օտարազգիներին մենամարտի էր հրավիրում և բոլորին հաղթում, սպանում էր, որովհետև իր մորից՝ հողից, շարունակ ուժ էր ստանում: Հերակլեսը նրա հետ մենամարտելիս նրան չէր կարողանում հաղթել, մինչև որ նրան օդի մեջ բարձրացնելով՝ ոտքերը գետնից չկտրեց, և մինչև ոտքերը նորից գետին դնելը խեղդեց՝ Այստեղ մայր հողը ֆիզիկական ուժ է ներշնչում, իսկ հայկական վեպում մայրենի հողը հոգեկան արիություն, աներկյուղություն է ներշնչում:

Վիպական է վերջապես Արշակի մահվան նկարագիրը, որ գեղեցկությամբ և հոգեբանական ճշմարտությամբ մի աննման ստեղծագործություն է: Մի քանի տարի Անհուշ բերդի զնդանում ապրելով՝ ընտելացել է խավարին, կեղտին, շղթաներին, խղճուկ պարենին, արհամարհանքին: Նա արդեն կորցրել է զգացողությունը: Եվ ահա մի օր հանկարծ բացվում է զնդանի դուռը, ներս է մտնում իր վաղուց մոռացված նախկին սիրելի ներքինին՝ Դրաստամատը, երկրպագում է նրան, դուրս է բերում լույս աշխարհ, արձակում է շղթաներից, լվանում է գլուխը, լողացնում է, մաքրում, ազնիվ զգեստներ հագցնում, ճոխ սեղան բաց անում նրա առաջ, երաժիշտների խմբով ու գինիներով զվարճացնում, ուրախացնում է նրան: Արշակը հետզհետե սթափվում է, վերհիշում է իր անցյալ թագավորական ճոխ կյանքը, ազատության և կյանքի սերը նորից արծարծվում է նրա մեջ: Բայց շատ կարճատև է լինելու այս նոր կյանքը, ընդամենը մի օր, վաղն էլի նույն զնդանը, նույն շղթաները, նույն խավարն ու կեղտը: Գինին նրա գլուխն է զարկել, նա պատկերացնում է այդ թշվառական կեցությունը, որ մի քանի ժամից վրա է հասնելու ընդմիշտ, առանց փոփոխության հույսի: Այդ մո-