Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փավստոսի աղավաղված բնագրի ուղղագրություններ առաջարկված են զանազան անձերից: Ինձ հայտնի են հետևյալները.

Ե. Մ. իր վերոհիշյալ «Փավստոս Բյուզանդ» ուսումնասիրության մեջ առաջարկել է 27 ուղղում:

Գ. Մ. («Բազմավեպ», 1917) առաջարկել է 21 ուղղում:

Նորայր Բյուզանդացին իր «Կորյուն վարդապետ» հետազոտության մեջ առաջարկել է բազմաթիվ ուղղումներ՝ մեծ մասը քերականական սխալների ուղղումներ: Նորայրը ոչ թե ամբողջ Փավստոսն է քննել այս նպատակով, այլ նկատի է ունեցել Փավստոսի երկի այն հատվածները միայն, որ նա համեմատել է ուրիշ հեղինակների համապատասխան հատվածները հետ և միայն այս հատվածներում նկատած աղավաղումներն է ուղղել: Եթե նա ամբողջ Փավստոսը քններ, նրա ուղղումների թիվը անշուշտ շատ ավելի կլիներ:

Հր. Աճառյանն ինձ հաղորդեց, թե ինքը Փարիզում տպագրել է Փավստոսի Պատմության մոտ 100 ուղղում: Այս հոդվածը ես չեմ տեսել:

Վերջապես, ներկա թարգմանության ժամանակ իմ կողմից ուղղել եմ 39 աղավաղություն և ըստ իմ ուղղածի կատարել եմ թարգմանությունը: Բացի դրանից, վերցրել եմ վերը հիշված ուղղումներից 19 հատ, ամեն անգամ հիշատակելով առաջարկող հեղինակների անունները[1]:


ՆԵՐԿԱ ԹԱՐԳՄԱՆՈԻԹՅԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Մի քանի խոսք էլ ներկա թարգմանության մասին:

Երբ Պետհրատը ինձ առաջարկեց Փավստոսը թարգմանել, ես գիտեի, որ Փավստոսի գրաբար բնագիրը շատ աղավաղված է, ուստի ցանկություն ունեցա ձեռագրերի հետ բաղդատված և ուղղված բնագրից թարգմանել: Ինձ հայտնի էր նաև, որ Փավստոսի բնագրի բաղդատությունը մի քանի տարի առաջ հանձնված է եղել երկու անձի, բայց բաղդատությունը կիսատ է մնացել: Դիմեցի Պետական ձեռագրադարանի աշխատակիցներից մեկին և խնդրեցի հանձն առնել այս բաղդատությունը կատարել, բայց նա հրաժարվեց, պատճառ բերելով, որ զբաղված է ուրիշ գործերով: Երևաց նույնպես, որ Փավստոսի բաղդատության և նոր հրատարակության վերաբերմամբ ինչ-որ տարաձայնություն է ծագել երկու հիմնարկների միջև, և գործը կանգ է առել: Ուստի քանի որ ձեռ. Մատենադարանը ձեռագրերը չէր կարող ինձ տալ հետս Թբիլիսի բերելու, ես ստիպված եղա բավականանալ գոյություն ունեցող աղավաղված տպագրությամբ, հույս ունենալով, որ աղճատումները

  1. Այս աշխատությունը հրապարակվելուց հետո լույս է տեսել Վարագ Առաքելյանի «Փավստոս Բուզանդի աշխարհաբար թարգմանությունը» հոդվածը (ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի «Աշխատությունների ժողովածու, հատոր III, 1948), որտեղ նույնպես առաջարկված են մի շարք ուղղումներ:— Խմբ.: