Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսպես նա քահանայական իշխանության խոսքով նրանց կաշկանդում, հանդիմանում էր ու խիստ պատուհասում նրանց անօրինության, պոռնկության, արվագիտության, արյունահեղության, զրկողության, հափշտակության, աղքատատեցության ու սրանց նման ուրիշ շատ մեղքերի համար և տիրոջ օրենքի սաստի պատճառով միշտ թշնամի էր համարվում նրանց, որոնք այդ օրենքից դուրս էին գալիս, որովհետև նրանք շարունակ նրանից խոցոտվում էին աստծու սուրբ խոսքով։ Եվ սա հանդիմանական մի պատերազմ էր մղում բոլորի հետ իր ամբողջ կյանքի ընթացքում։

Եվ ահա մի անգամ, տարեկան (տոնի) մի օր, Տիրան թագավորը մյուս ավագանիների հետ եկավ, որ եկեղեցին մտնի, իսկ նա դեմ դուրս գալով ասաց. «Արժանի չես, ինչո՞ւ ես եկել, ներս մի՛ գա»։ Ուստի նրան ծեծեցին հենց այնտեղ եկեղեցու մեջ. աստծու քահանայապետ սուրբ և երանելի մանուկ Հուսիկը բրածեծ լինելով, ջախջախված, խոշտանգված, կիսամահ գցվեց մնաց։ Նրան վերցրին արքունական եկեղեցու պաշտոնյաները Մեծ Ծոփք գավառի արքունի Բնաբեղ բերդից բերին հասցրին Դարանաղյաց գավառի Թորդան գյուղը, որտեղ քիչ ժամանակ անց վախճանվեց ու թաղվեց Գրիգորի և իր հայրերի մոտ։


Գլուխ ԺԳ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀՈԻՍԻԿԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԱՆԱՌԱՋՆՈՐԴ ՄՆԱՑ

ՀԱՏՈՑ ԱՇԽԱՐՀԸ, ԵՎ ՀՈԻՍԻԿԻ ՈՐԴԻՆԵՐԸ ԱՐԺԱՆԻ

ՉԵՂԱՆ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԱԹՈՌԻՆ:

Որոշ ժամանակ անցնելուց հետո, երբ երանելի Հուսիկը բրածեծ լինելով մեռավ, հայ լեզվով խոսող Թորգոմական աշխարհը անառաջնորդ մնալով՝ կույրերի նման մոլորվեց: Նրանց տրվեց մոլորության հոգի,— աչքեր՝ որ չտեսնեն, ականջներ՝ որ չլսեն և սիրտ՝ որ չհասկանան և չդառնան ապաշխարության։ Նրանք խավարած՝ կորուստի խորխորատը հասան, իրենք իրենց ճանապարհը կտրելով կործանվեցին ու ընկան, և չկար մեկը, որ նրանց ամաչեցներ մոլեգնության