Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գտավ և իր հարությանը պատրաստված, նրանց ընտրեց, սովորեցրեց և արձակեց իբրև քարոզիչներ, կոչնակներ և հրավիրակներ՝ ձեզ դեպի փրկության լույսը հրավիրելու։

Սակայն դուք այն բանում էլ նրա երախտիքների փոխարեն ապերախտություն ցույց տվիք. դուք նախ և առաջ սպանեցիք այն նպատակով ձեզ մոտ եկած քարոզչին, առաքյալին, հրավիրակին, որ եկել էր ձեզ հրավիրելու մեր տեր Հիսուս Քրիստոսի արքայությունը, դեպի փրկության շնորհը։ Դուք ձեր անմտությամբ տիրասպան հրեական ազգի խորհրդին հաղորդակից եղաք. որովհետև նրանք իրենց կարծիքով տիրոջն սպանեցին, իսկ ձեր հայրերը նրա առաքյալներին (սպանեցին), և հետո նրանց նմաններին չարչարեցին նույնպիսի բանի համար։ Այս անցքերից հետո եկան աստծու բազմաթիվ սուրբ վկաներ, նույն առաքյալների ճգնակիցներ. նրանք չարչարանքների վտանգին ենթարկվեցին, մինչև մահ տոկացին մնացին, որպեսզի ցույց տան ձեզ ճշմարտությունը, գուցե նրանց միջոցով խելոքանաք և աստծու որդուն ճանաչեք։ Բայց դուք նրանց վերաբերությամբ էլ կատարեցիք ձեր չար կամքը, ձեր սովորական սպանությունը, բայց և այնպես նա նրանցի արյունով, որ ասացի, և զանազան հրաշքներով ձեզ խրատեց և ձեզ մահվան չենթարկեց իր մեծ ողորմությամբ, ձեզ իրեն մերձավորներ դարձրեց, ձեզ հաղորդակից արեց իր բուն, կենդանի վարդապետությանը, ուղիղ օրենքներին, իր սիրելի որդու մեծությանը։

Սրանից հետո ձեզ ներեց ձեր բոլոր հանցանքները և իր սիրելիներին ձեզ համար ուսուցիչներ դարձրեց։ Բայց դուք ոչ մեկը չհիշեցիք, մտքում ու սրտում չպահեցիք, այլ հրեական ազդին նմանվելով, ետ կանգնեցիք, նրանց գործերի նման սկսեցիք և դուք գործել։ Մինչդեռ դուք պետք է հիշեիք ձեր տիրոջ՝ քրիստոսի երախտիքը, որ չհիշեց ձեր հայրերի մեղքերը և ձեր անօրեն գործերը։ Դուք պարտավոր էիք չմոռանալ ձեր սուրբ հայրերի՝ ձեր խրատիչների և ուսուցիչների ճիգ ու ջանքը, որոնք շարունակ տքնում էին ձեր հոգիների փրկության համար, դուք պետք է սեր ունենայիք նրանց նկատմամբ, որոնք (աստծու) խոսքը ուսուցանելով ձեզ հոգեպես երկնեցին և նորից ձեզ ծնեցին ու նորից ձեր անհա-