Էջ:Free documents from book "Armenian Republic" by Simon Vratsian.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ժողովուրդը ցնծագին տօնում է մեր անկախութիւնը՝ թափորներով, մաղթանքներով կամ ցոյցերով. ուրախ եմ յայտնելու, որ այդ ամենը կատարւում է առանց պաշտօնական ցուցմունքների, ինքնաբուխ կերպով: Պէտք է յիշատակեմ նաև, որ մեր բոլոր շրջաններից ստացւած բազմաթիւ շնորհավորական հեռագիրները վերջանում են այն ցանկութեամբ, որ ազատագրւած լինի նաև Տաճկահայաստանը:

Այս բոլոր ցնծութեան հետ մէկտեղ մենք ունենք նաև մեն մտահոգութիւններ. անցնելիք ճանապարհը երկար է ու փշոտ և հէնց այդ թելադրում է մեզ հաւաքելու մեր բոլոր եռանդն ու կարողութիւնը վերջին քայլն անելու համար. վստահութիւն ունենալով դէպի մեծ դաշնակիցները, մենք չպիտի դադարենք հրահրել ժողովրդի ինքնագործունէութիւնը. պետութիւնները մի ակնթարթում կամ մի խօսքով չեն կազմակերպւում. անդուլ աշխատանք և հաւատ դէպի սեփական ուժերը, ահա թէ ինչ պիտի լինի մեր ապագայ անելիքը:

Մենք սպասում ենք՝ վստահելով դաշնակիցներին ու հաւաքելով մեր ոյժն ու եռանդը սեփական աշխատանքի համար: Իսկ այսօր պէտք է տօնենք ու յիշենք այն զոհերին, որոնք իրենց արիւնով կերտեցին մեր ազատութիւնը. կառավարութիւնը ի նշան երախտագիտութեան դէպի ինկածները որոշել է պետութեան վրա առնել նրանց զաւակների պահպանութեան հոգսը:

Այս մեծ ուրախութեանն ազատութիւնից զրկւած մարդկանց ևս մասնակից անելու համար կառավարութիւնը որոշել է յայտարարել ամնիստիա:

Ի վերջոյ, օգտւելով առիթից, պիտի յայտնեմ, որ պետութեան ամուր կազմակերպութեան համար կառավարութիւնը պարտաւոր է ուժեղացնել նրա տնտեսական հիմքերը. այդ նպատակով պիտի կատարւի համահայկական ներքին փոխառութիւն, որին, յոյս ունեմ, սիրով կընդառաջեն մեր հայրենակիցները թէ սահմանից դուրս և թէ այստեղ։

Մեր ներկայ վիճակը միտ բերելով՝ ես յիշում եմ ֆրանսական մէկ տեսարան՝ 38 արձաններից որոնք ներկայացնում են Ֆրանսիայի քաղաքները: Դրանցից մէկը՝ Ստրասբուրգ քաղաքի արձանը պատած էր սև քողով, ի նշան սգոյ. ֆրանսացիք վճռել էին սև քողի տակ պահել այդ արձանը այնքան ժամանակ, մինչև կազատագրւէր էլգաս—Լօրէնը և կը միանար մայր երկրին։ Այժմ կատարւած է նրանց իղձը, և Ստրասբուրգի արձանի սև քողը հանւած է: Տաճկահայաստանը մեր Ստրասբուրգն է, և երբ նա կազատագրւի ու կը միանայ Հայաստանին, այն ժամանակ և կը վերանայ սուգն ու վիշտը մեր սրտերից:

Նախագահ — Ողջունելով Հայաստանի անկախութեան ճանաչումը՝ մենք չենք կարող մոռանալ այն անթիւ զոհերին, որոնք իրենց մահով բերին այս ազատութիւնը. առաջարկում եմ յոտնկայս յարգել նրանց յիշատակը (դահլիճը լուռ, ոտքի է կանգնում): Այսօրւանից մենք նոր դարաշրքան ենք մտնում. սկսւում է խաղաղ աշխատանքի ու ստեղծագործութեան շրջան. յուսով եմ՝ հայ ժողովուրդը իր կենսունակութեամբ և ստեղծագործական կորովով կը կերտէ մի ամուր պետութիւն ի բարօրութիւն Հայաստանի բոլոր ժողովուրդների. դրա հետ մէկտեղ նա կը հաւաքէ իր վերջին ճիգերը, հասնելու վերջնական նպատակին՝ Միացեալ Հայաստանի գաղափարի իրականացմանը: Տաճկահայաստանը դեռ գերութեան մէջ է և մեր արդար դատի սիրով ներշնչւած՝ մենք սպասում ենք այն մեծ օրին, երբ այս երկրին կը միացւի նաև մեր հայրենիքի միւս կտորը Տաճկահայաստանը. այդ օրը կը լինի իսկական մեծ և համաժողովրդական տօն: