Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սա ինքն էր Ճաղարանց տան նահապետը՝ Թաթոսը, որ տասը, տասներկու տղա ուներ, մի այդքան էլ եղբորորդիք, երկու այդքան թոռներ…

— Էլ ո՞վ պիտի ըլի, Արզումանն ա։ Բա չլսեցի՞ր երեկ, որ քյոխվիցը տափ էր ուզում, նա էլ մեր հողը նշանց տվավ, թե՝ գնա՛ վարի։

Այդպես խոսեց Թաթոսի տղան, որով ուզեց ցույց տալ, որ քյոխվեն էլ իր հորը մարդու տեղ չի դնում, նրանից չի վախենում, չնայած, որ Թաթոսն էր նրան քյոխվա շինել, և երբ ուզենա, կարող է դուրս անել։

— Տո՜ ես քյոխվի… Տո հա՛սեք, տղամարդիկ չե՞ք… Ես գող Արզումանի համար եմ փուշ կտրել, տակռի հանել, քարերը հավաքել, խամհատել, որ նա գա էս օրվան օրը իմ մուլքը ձեռքիցս խլի՞… Տո հա՛սեք, բա դուք տղամարդիկ չե՞ք, էլ ո՞ր օրվա համար եմ ձեզ հաց տվել, պահել։

Այսպես՝ ալևոր գազանը, որ իր կյանքումը արդարության ու խղճի ձայն չէր լսած, ինչ որ բերանն եկավ, դուրս թողեց և տասը- քսան բռի արջերի խրախույս տալով՝ ուղարկեց Արզումանի դեմ։ Րոպե չանցած, տեղ հասան, ըստ որում չէին քայլում, այլ վազում էին, կարծես առջևները փախչող կար, պիտի բռնեին։

— Հո՜… ո՜… հո՜։ Ո՛տն արեք տղեք,— զոչեց իր սովորական ձայնով մաճկալը։— Ա՛րզուման, էս արջերը մեզ վրա են գալիս, գլխիդ ճարը տե՛ս։ Արի դուս գցենք գութանը, ասենք ա՛խպեր, ձեզ ըլի, չենք ուզում, թաք ըլի արուն չանենք ըստեղ։

— Հետո՞, էլ էս փափախը գլխիս հարամ չի ըլի՞, էլ ի՞նչ երեսով պիտի մտնեմ գեղը, որ մի քանի թազի թուլա ինձ պետք է վախեցնեն։ Տուր ինձ էդ սրբիչը,— ասաց Արզումանը բարկանալով և մաճկալի ձեռքից առնելով սրբիչը, որ մի հաստ դագանակ է ծայրը ակշաձե (չանգաձև) երկաթ հագցրած։ Մի կատաղություն եկավ քաջ երիտասարդի վրա, ջանն սկսավ դողդողալ կպչող փահլևանի պես և այնպես էր զդում այս րոպեին ինքն իրան, որ ոչ թե քսան, այլ հիսուն մարդ ևս չպիտի կարողանային հովություն տալ իր տաքությանը։

Տափատերերը հասան թե չէ, գութանը ակոսից հանելով, գցեցին քարերի ու փշերի մեջը: Հնար չեղավ այստեղ բան հասկացնելու, ամենքն էլ սկսեցին գռռալ, գոչել, մեկը մյուսի խոսքը