Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շաքարոյին: Էսպես քաշ տվավ, մինչև տասը տարին լրացավ, տասը տարուց հետո գնաց մի թավադի փող տվավ, նրա ազգականը գրվեց, դառավ թավադ, հետո եկավ բաղն ու ջաղացն էլ հաստատեց վրան, մի երկու հարյուր օրավար էլ ուրիշ տեղ խլեց մեզանից, թե՝ էս էլ է իմը։ Մի սիրուն էլ հարսն ուներ, ինքը բացերես և լեզվանի, միշտ մողրովների ու նաչալնիկների հետն էր ժամանակ անցկացնում, նրանց հետ սարերումն ու ձորերումը քեփ քաշում, էլ ո՞վ կարող էր նրան մի բան ասել։ Շատ էլ գանգատ արինք, արզա տվինք, կռիվ էլ արինք, թակեցինք դուրս արինք, տունը, ջաղացը քանդեցինք. ոչինչ չկարացինք անել, մեր խոսքն անց չկացավ ոչ մի տեղ։

Փիրադովն էլ Շաքարոյի նման արավ։ Նա էլ խեղճ ճոն էր՝ փափախչի։ Էկավ մեր գեղի մոտ, Քավանաքչի մի թուրք բեկի հետ ջաղաց ու բոստան շինեց, էդտեղ համ ճոնություն էր անում, համ ջաղացպանություն։ Լավ փող աշխատեց, մեկ տղին լավ ուսում տվավ։ Տղան էնպես մի ղուլլուղի մեջ մտավ, էնպես մի նաչալնիկ ունեցավ, որ խոսքն ամեն տեղ անց էր կենում։ Սա վեճ բաց արավ գեղացոց հետ, վերջը բոլոր գեղը զավթեց, հիմի իրանն է թե՛ գեղը, թե՛ նրա երկու հազար դեսետին ջրովի հողը։ Հիմի մեր թուրքերը կիսովի են վարում նրա համար, խոտահարկն էլ ջոկ են տալիս, տներիցն էլ ջոկ են հարկ տալիս, թագավորի խարջն էլ ջոկ են քաշում, խեղճերն աղքատությունից քաղցած կոտորվում են. գողությունով են ապրում, ուրիշ ապրուստ չունեն։ Ուրիշ տեղ էլ չեն ճարում, որ էդտեղից դուրս գան հեռանան։

— Սարգիս բիձա, մեկ անգամ ասա մեր աշխարհքն անտեր է ու պրծիր. էլ ի՞նչ ես գլուխդ ցավեցնում,— ասաց Պետրոս բիձան, որ քյոխվի բոլոր պատմածներին ականատես էր և մասնակից։

— Անտեր որ ըլի, էլի լավ է, շների ու գելերի ձեռքին է։

Իմ խոսքը մեր ճաղար շան մասին էր, ես հեռու գնացի։ Էլ մի թավադ չկա, որ գա նրա համար վկայություն չլինի տված. թե՛ մեր գեղի, թե՛ մեր հարևան գեղերի բոլոր թավադների համար էլ դա սուտ երդում է կերել, սուտ վկայություն տվել. մեր գեղը դա է քանդել…

— Դե ի՞նչ անենք, աստված էլ դրա տունը քանդի…

— Ամմե՛ն, ամմե՜ն,— ձայն տվին ամեն կողմից…