Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սուն տարեկան մարդ էր, կարճ ու սպիտակ մորուքով, վառվռուն և անընդհատ շարժուն աչքերով, որոնք վատ տպավորություն էին գործում դյուրազգաց մարդկանց վրա։


— Մեղա, կարծես սատանի աչքեր լինեին,- ասում էին նրանք, թեև սատանի աչքեր չէին տեսած։ Մարպողոսը հին դպրոցի աշակերտ էր, այդ դպրոցի լավ ու վատ կողմերով օժտված: Երբ աշխարհային ուսումն ու գիտությունը չէր տարածված, նա իր վանական ուսումով, Այսմավուրքով, Տաթևացու հատորներով, Սալլանթյան քերականությունով և՝ իբրև հավելված՝ իր դյութչության արվեստով մեծ փիլիսոփա էր համարվում։ Ջահել ժամանակ այս ու այն եպիսկոպոսին ծառայելով թե՛ իբրև ծառա և թե՛ իբրև քարտուղար, ծանոթացել էր հոգևորական բարձր անձինքների և դառել էր նրանց մտերիմ գործակատարը, որ բավականին շահավետ պաշտոն էր և այնպիսի ծառայություն, որին կամա ակամա շատ շատերը պիտի դիմեին։ Գիտեր ուտել և ուտեցնել, շահել և շահվել, բադի պես ընկղմում էր պղտոր լճերի մեջ և ցամաք դուրս գալիս։ Միայն Սմբատն էր, որ սրան ատում էր ոչ միայն սրտանց, այլև երեսանց։ Տեղը եկած ժամանակ միշտ խայթում էր հրապարակով և նույնիսկ տպագրությամբ և սրա ազդեցությունը վնասակար համարում ժողովրդի բարոյական զարգացման համար։ Այս հանգամանքից օգուտ էր քաղում Ավագը և միշտ Մարպողոսի պաշտպանությանն էր դիմում։


— Ինձ ասում են, որ ես բաժին չեմ տալիս իմ եղբայրներին, բայց այդպես չէ ամենևին,— ասում է Ավագը Մարպողոսին,— ես ոչ թե բաժին չեմ տալիս, այլ ընդդեմ եմ բաժանության։ Իսկ մեր փիլիսոփան բաժանությունն է օգտակար համարում. նա մյուս երկուսին էլ իր կողմն է ձգել. ինչ որ ասում է, նրանք էլ հավատում են։ Մեկ գնանք մեզ մոտ, գուցե կարողանաս դրանց գլխումը խելք գնել, որ մեր շեն օջախը չքանդեն. մեկ դրանց հասկացնես, որ բաժանությունը վնասակար է և ոչ օգտակար։


— Ի՜նչ կասկած, որ բաժանությունը վնասակար է,— ասաց Մարպողոսը, կարծես ինքն իրան, և քթախոտի տուփը բաց արավ, որ նրա հետ բաց անի նաև իր իմաստության տուփը։— Ի՜նչ կասկած, այո, որ բաժանությունը վնասակար է,— կրկնեց Մարպողոսը, և աչքը ձգելով Ավագի աչքերին՝ այնպես պատկերացրեց իր դեմքը, որ Ավագը այդ դեմքի վրա կարդա նրա ասածի շարունակությունը։