Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծունկ չոքածներից մինը վեր կացավ և դողդողալով ասաց.

— Ծառա՛դ եմ, այստեղի քաղաքապետը:

— Դո՛ւ ես ուրեմն, որ այնքան անհոգ ես, որ չգիտես թե ի՛նչ է գործվում քո աստվածների բնակարանում:

— Ծառադ եմ, ես ոչի՛նչ չգիտեմ:

— Դու կարելի է թե չգիտես էլ թե որտե՞ղ է գտնվում ձեր տաճարը:

— Ինչպե՞ս չգիտեմ, ծառադ եմ, շատ լավ գիտեմ:

— Առա՛ջ անցիր ուրեմն… Կես ժամ չանցած՝ ամբողջ քաղաքը գջլված գնում էր Անահիտի հետևից: Երբ որ մոտեցավ մեհյանի պարիսպներին, քուրմերը կարծեցին, թե ուխտավորների մեծ բազմություն է եկողը, շտապով բաց արին դուռը: Բայց երբ ներս խռնվեց ժողովուրդը, երբ տեսան զրահավորված հրաշագեղ ասպետի սպառնալից դեմքը և իրանց ուշ չդարձնելը, մի անսովոր սարսափի մեջ ընկան: Անահիտը մի րոպեի մեջ գտավ տարտարոսի դուռը և դառնալով քաղաքապետին՝ հրամայեց.

— Բաց արեք ահա՛ այս դուռը:

Մինչդեռ քաղաքապետի հրամանով մի քանի անձինք պատրաստվում էին կոտրատել դուռը, ծերունի քրմապետը վերահաս վտանգը տեսնելով, դուրս եկավ իր մեհենական զգեստով, որ ժողովրդի վրա սարսափ ձգե և ետ մղե: Երբ որ իր սպիտակ շուրջառը ձգած, քրմապետական երկճյուղ ու երկայն թագը գլխին դրած և գավազանը ձեռին դուրս եկավ ուռած ու փքված՝ ժողովուրդը ճանապարհ բաց արավ և ետ քաշվեց ահ ու դողով: Նա մոտեցավ Անահիտին և պատգամախոսի ձայնով աղաղակեց.

— Ի՞նչ ես ուզո՜ւմ, ինչ ես անո՜ւմ, ետ քաշվիր այդտեղի՜ց:

Անահիտը՝ բարկությունը հազիվ զսպելով, ասաց.

— Ես հրամայում եմ, որ այս դուռը բացվի՛:

— Ո՜վ է կարող հրամայել այստե՜ղ, բացի ինձանի՜ց: Այս դո՜ւռը մեր սրբարանի դո՜ւռն է. այստե՜ղ է գտնվում մեր նախնյաց փոշի՜ն, այստեղ է մեր անշեջ կրակարա՜նը. տեսե՜ք ահա այն ծո՜ւխը, որ մինչև երկի՜նք է բարձրանո՜ւմ: Աստվածների բարկությունը մի՜ շարժեք: Ցրվեցե՜ք, հեռացե՜ք, կորե՜ք, ինչպե՛ս եք համարձակվում ձեր պի՜ղծ ոտներով կոխոտե՜լ այս սո՜ւրբ վա՜յրը:

Քրմապետի ահեղագոչ սպառնալիքը սնապաշտ ժողովրդի վրա սարսափ բերավ, ամենքը կորագլուխ ետ քաշվեցին, բայց նրանց