Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յաներն օգնում են Անահիտին, կարծեցին թե կռիվը կրոնական է, իսկույն անցան քուրմերի կողմը և սկսեցին քարե կարկուտ թափել քրիստոնյաների վրա։ Այդ միջոցին Անահիտի սաղավարտը վայր ընկավ մի քանի հարվածից, որ դիպավ նրա ծայրին։ Նրա խիտ և երկայն մազերը փռվեցին և ծածկեցին ամբողջ կազմվածքը ամեն կողմից, բացի հրացայտ աչքերից։ Նրա այդ տեսքը մի նոր սարափ ձգեց ամբոխի վրա, որոնք իրանց քարե կարկուտը դադարեցրին իսկույն։ Այդ հանգամանքից էլ օգուտ քաղեց Անահիտը, մի անգամ էլ հարձակվեց քուլ մերի վրա և մի քանիսին մահացու վերք տալով գետին գլորեց։ Հենց այդ մամանակ վրա հասան զորքի առաջապահ նիզակավորները օրիորդների և տիկինների հետ և իրանց թագուհուն հուսահատ կռվի մեջ տեսնելով, միաձայն աղաղակեցին և հարձակվեցին քուրմերի վրա։ Մի րոպե չանցած՝ կենդանի մնացած քուրմերը փախան. ամբոխը ետ քաշվեց և բաց հրապարակի վրա մնաց Անահիտը՝ շրջապատված քաջասիրտ օրիորդներով ու տիկիններով։Քրիստոնյաներից մինը բերավ նրա սաղավարտը, որ ազատել էր ամբոխի ձեռից։ Անահիտն իջավ ձիուց ողջ առողջ, կարգավորեց իր մազերը և սաղավարտը դրավ գլխին։ Հրաման արձակեց, որ եկող զորքը շրջապատն մեհյանը, որի մեջ պատսպարվել էին բոլոր քուրմերը և ներսից դուռը փակել։ Հետո դառնալով դեպի ամբոխը, ասաց.«Եկեք այստեղ կարգով կանգնեցեք հանդարտ, որ տեսնեք ինչ կա ձեր սուրբ քրմապետի սրբարանումը», և հրամայեց դուռը կոտրտել։


Մի զարհուրելի տեսարան բացվեց ժողովրդի առջև։ Դժոխկային որջից դուրս սողացին բազմաթիվ հոդիք, որոնք նոր գերեզմանից հանած դիակների էին նմանում: Շատերը վերջին շնչումն էին և ոտքի վրա կանգնել չէին կարողանում։ Նրանց ուրախության լացն ու կոծը, ճիչն ու աղաղակը մարդու սիրտ էին կտրատում։ Ամենից հետո դուրս եկան Վաչագանն ու Վաղինակը գլխները քաշ գցած։ Թագուհին ճանաչեց Վաչագանին և նշանացի արավ իր մարդկանցը, որ նրան տանեն իրան համար պատրաստելի վրանը։ Վաչագանը գնաց Վաղինակի ձեռքից բռնած՝ որ աչքերը խփած կույր աղքատի պես հետևեց նրան։Մյուս բոլոր դուրս եկողներին հրապարակի վրա նստեցնելուց հետո, Անահիտը հրամայեց զինվորներին, որ ներս գնան և ամեն բան՝ ինչ կա չկա՝ դուրս գան։ Զինվորները մտան դժոխքի մեջ և այնտեղից դուրս բերին նոր մեռած մարդկանց դիակներ, նոր կտրած գլուխներ, կթոցներով լիքը