Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վեզիրն ու սպարապետը թագավորին գլուխ տալով՝ համաձայնություն ցույց տվին, որ իբր թե հավատում են նրա ասածին, բայց իրար հետ շշնջալով՝ «հաստատ խելագարված է սա», ասացին։

— Եթե սա չլիներ,— շարունակեց թագավորը,— ցույց տալով Արեգին,— եթե սա չլիներ, մենք հավիտյան քարացած կմնայինք։ Սա որ մի հրաշքով աղջկանից տղա էր դառել, և աղավնի դարձող աղջկանից անմահական ջուր էր ձեռք բերել, պատահմամբ ասեմ, թե Երկնքի տնօրենությունով, եկավ և ինձ կենդանություն տվավ իր ջրով, այս չար պառավին էլ բռնեց ու զինաթափ արավ։ Այժմ այս պառավին ձեզ եմ հանձնում, տարեք սրան ծովը ձգեցեք… ահա այս գավազաններս ևս ծովը ձգեցեք…

Վեզիրն ու սպարապետը դարձյալ սկսեցին շշնջալ, դեպի մի կողմ քաշվելով։

— Հաստա՛տ, հաստա՛տ խելագարվել է,— պնդեց վեզիրը։

— Դրան ինչ կասկած,— կրկնեց սպարապետը։ «Սա՝ ասում է, աղջիկ է եղել, տղա է դառել, մի աղջիկ էլ աղավնի է դառել, ինքն էլ անմահական ջուր է խմել, իսկ մենք՝ որպես թե քառասուն տարի է, որ քարացած ենք եղել…»։ Խելքը գլխին մարդը մի՞թե այդպիսի բաներ կխոսի։

Այս մարդուց կասկածը շատ բնական էր։ Վեզիրը քարանալուց առաջ ճաշի էր նստած և գդալը ձեռին՝ բերանը տանելիս՝ քարացել էր, իսկ այսօր գդալը տարել էր բերանը և իր ճաշը վերջացրել, եկել։ Սպարապետը ոտքի մեկը ձիու ասպանդակումը դրած հեծնել ուզելիս էր քարացել, և այսօր էր ոտը մյուս կողմն անց կացրել և հեծել ձին ու եկել, էլ ուրեմն ինչպե՞ս կարող էին երևակայել, որ երբևիցե քարացած են եղել։

— Գիտես ինչ կա, թագավոր,— ասաց Արեգը ծածուկ։— Այս մարդիկը քո խոսքերին չեն հավատում և քեզ խելագար են համարում։ Այս շատ վտանգավոր բան է, կարող են քեզ ճշմարիտ խելագար համարել և թագավորությունից ղրկել: Հիմա դու սպասիր, տես ինչ եմ անում, և ինձ հետևիր։ Հետո դառնալով վեզիրին ու սպարապետին՝ ասաց.

Եկե՜ք, պարոններ, եկե՜ք,
Մի՛ կասկածեք բնավին,
Տեսեք ինչպես եմ պատժում
Այս անըզգամ պառավին: