Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Օ՜խ, օ՜խ, Նազիկ, օ՜խ, օ՜խ, կկուն քեզ համար ոչինչ չի ասե՜լ,— միաբերան ձայն տվին երեխեքը։

Նազիկը շատ նեղացավ, թե ինչու կկուն իր համար ոչինչ չի ասել և սկսեց լաց լինել։

Տատիկն ասաց.— Նազիկ, գիտե՞ս՝ ինչու կկուն քեզ համար բան չասաց։ Նա վախեցավ քեզ բան ասել։ Ինչ որ ասեր, դու չպիտի հավանեիր, ուրիշն էլ իրանը քեզ չէր տալ, ինչպես անցած երեկոյին:

- Տատիկ ջան, տատիկ, որ մեկ էլ կկուն գա, ասա՝ ինձ համար էլ մեկ բան ասի,— աղաչեց Նազիկը և այնուհետև շատ խելոքացավ։

1902

ՄԵՂՈԻՆ ՈԻ ՄԱՐԴԸ

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը։

— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը։

— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու էս, բայց սխալվում ես,— պատասխանեց տերը։

— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է։

— Ոչխարը։

— Այդ հաշիվ չէ, տեր, ոչխարը իմ հասակակիցը չէ։ Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի միջատ եմ։ Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես։

— Շատ բարի, շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս։

— Շերամը ո՞րն է։

— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում։

— Հա՜, իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով։

— Նա ինքն է։