Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գովական չէ և ոչ արհամարհական, մեկը մեղավոր չէ և մյուսն արդար, որովհետև դրանց ոչ մեկը և ոչ մյուսը չլինել այն՝ ինչ որ են, չէին կարող։— Բայց բարեկրթված մարդը ավելի առաքինի կլինի։ Իհարկե։— Բայց մեկը որ գողություն է անում, նրան չպե՞տք է պատժել։— Նա է՞լ բարեկրթված է։— Ո՛չ։— Ուրեմն պետք է այն մարդին, որ մեկին բարեկրթել է, իսկ մյուսին ոչ՝ նրան էլ գողի հետ ի միասին պատժել։ Երբ որ գիտե, թե բարեկիրթ մարդը գողություն չի անիլ, ինչո՞ւ ամենին էլ չի բարեկրթել...»։

— Ուրեմն...

Այս միջոցին Օվակիմի դուռը բախեցին դրսից։

— Նե՛րս եկեք։ Ո՞վ եք,— ասաց Օվակիմը և գրասեղանին մոտենալով՝ մի գիրք վեր առավ և սկսեց շուռ ու մուռ տալ նրա թերթերը։

Դուռը բացվեց և ներս մտան Արությունն ու Մանվելը։

— Բա՛րով, բա՛րով,— ասաց Օվակիմը մի ձեռքով մինի՝ մյուսով մյուսի ձեռքը սեղմելով և ապա հրավիրեց նստել, և մի փիլիսոփայական հայացք տալով իր ճաղատ ճակատով դեմքին՝ սկսավ հարց ու փորձ անել։

— Ինչպե՞ս եք, ուսմունքներդ ինչպե՞ս է առաջ գնում։ Լսեցի, որ ձեր ուսումնարանի մեջ խառնակություն է պատահել, աշակերտներից շատերը ցրվել են, կարծեմ դուք էլ չեք ազատ մնացել էդ հալածանքից։ Ես ուզեցի էդ մասին մի բան գրել, մի քանիսին մեղադրել, բայց մեկ էլ լռեցի, երբ ինձ ու ինձ միտք արի, տեսա, որ ինչ որ պատահում է, չի կարող չպատահել. եթե երբեմն էլ պատահմունքի առաջքն առնվում է, այդ ևս չի կարող այդպես չլինել։ Բայց եթե կքննես գործի բուն եղելությունը իր բոլոր շրջապատ ազդեցություններովն ու պատճառներովը, բերնիդ էնպես կխփեն, որ լեզուդ հավիտյան կկտրես։ Ուրեմն դեռ ժամանակը չի հասել։ Ասած է՝ «ժողովուրդը որ հավաքվի, գերան կկոտրի», բայց մեր ժողովրդի գլուխը որ հաստ է, իրան իրավունքն ու պարտականությունը չի ճանաչում, իր լավն ու վատը չի հասկանում, սուտը ճշմարտի տեղ է ընդունում, ճշմարիտը՝ սուտի տեղ, էլ ի՞նչ ասես, էլ ո՞ւմ խոսք հասկացնես։ Թեկուզ իմաստունին մի հիմար բան ասած, թեկուզ հիմարին՝ մի խելոք բան. երկուսն էլ մեկ է։