Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խաղ էլ որ չգիտենամ, աշըղ կդառնամ քեզ համար։ Ականջ դրեք, ականջ դրեք, Հոռոմսիմ, Օսանա, մի մուխամբազ պիտի ասեմ, մեր Արությունի նոր շինած մուխամբազը պիտի ասեմ... (երգում է).

Բացվել եմ վարդի պես, բայց չունիմ սոխակ,
Սիրահար խոսնակ.
Նըրա տեղ երգում է մի ուրիշ թռչնակ,
Բուի եղանակ.
Չեմ տեսնում նրա մեջ ոչ մի ժամանակ
Սիրո նշանակ։
Սիրել մինչև ի մահ շատն է խոստանում,
Երդմամբ ուխտ դնում,
Բայց այս ուխտի վրա շատ օր չի անցնում,
Մեկ էլ ես տեսնում
Պատրաստած քեզ համար սոսկալի վանդա՜կ.
Ո՜հ, թշվա՜ռ վիճակ,
Ասում ես. «Այս ի՞նչ է, այս ի՞նչ արեցիր,
Դու ինձ գերեցիր.
Շողոքորթ խոսքերով ինձ գրավեցիր,
Վերջը խաբեցի՜ր».
Ասում է. «Այսպես է աշխարհս բովանդակ,
Դու հո չե՞ս մենակ»...
Դե լռի՛ր, հա՜յ աղջիկ, Էլ չես գովական
Եվ ոչ աննման.
Պահիր սրտիդ խոցը մինչ օր քո մահվան,
Մտցուր գերեզման.
Չասես ուխտազանցիդ մի խոսք հակառակ,
Չդառնաս առակ։

— Ապրի՛ս, ապրի՛ս, Մանվել, շատ ապրիս,— ասաց Օսանան, սրբելով արտասուքը, որ հառաջ էր եկել երգի ներգործությունից։

— Րոմա՜ն, Արություն, րոմա՜ն,— բղավեց Մանվելը։— Տեսա՞ր՝ իմ երգելն ինչպես ներգործեց Օսանի վրա. չէ, ես լավ աշըղ եմ էլել, ով գիտե, կարելի է ժամանակով երևելի բանաստեղծ էլ դառնամ... Օսանա ջան, քու կենացը, աստված սիրտդ ուրախ պահի, աստված որդիքդ քեզ բախշի, դիփունանց կանաչ֊կարմիրն էլ կապես։ Հոռոմսիմ ջան, սաղ ըլիս, մարդդ ապրի, սկեսուրիդ հոգին Գաբրիել հրեշտակն առնի տանի