Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ջհել ժամանակս իմ խնդրում,
քանի ծառ իմ դալար, գեջ,
Ջահտ արա սիրով հաստատվինք,
շուտ գոյանա բար ի մենջ,
Ջանլլաթի պես ղազաբ մի տար,
ինձ մի կարմիր չար, բեվեջ,
Ջանըս խնայիր Նաշխունյանցիս,
քեզմով ինձ անիս իլլաջ...

— Տեսնո՞ւմ եք, Օսանա, Հոռոմսիմ, դիփ ջե է, դիփ,— ասաց Մանվելը։

— Դիփ չէ, Մանվել, միայն տողերի մեկ սկզբի տառը, մեկ էլ վերջի։ Հիմի ականջ դրեք, դիլ թարփանմազն ասեմ։ Դիլ թարփանմազ, կնշանակե «լեզուն չի շարժիլ»։ Էսպես խաղերը պետք է էնպես բառերից լինին շինված, որ ասելիս լեզուն չշարժի։ Օրինակ.

Բափա ո՞ւմ կա, ում կամում իմ, մե վա՛ է։
Մըգա՞մ քի հաում իմ խափով ու գափով,
Իմ համբավ է խափը, կա մը մե վա է,
Կամում իմ քի ուղիղ փափագով բափով։
Քի իմ կամում, եկ քու կամով, ո՛վ աղա,
Կամում իմ քու բուգով, բուխախով խաղա,
Քի իմ կամում եկ հիմա է, կամ վաղ ա,
Կակուղ խումով պահե քիմով ու համով․․․

— Սպասիր, սպասիր, Արություն,— միջահատեց Մանվելը և սկսեց երգի բառերն արտասանելով փորձել, որ տեսնի իրա՜վ լեզուն չի շարժում ասելիս։ Սափա... բափա․․․ աղա, վաղ ա, խափով, գափով... Էս ի՞նչ զարմանալի բան է... ճշմարիտ որ լեզուն չի շարժում․․․ Ապա էն մեկէլը։ Ի՞նչ էիր ասում։

Դոդաղ-դագմազ: Դա էլ կնշանակե պռոշներն իրար չեն դիպչիլ։ Էդպես խաղերն ասողը մի ասեղ է դնում բերնումն ուղղահայաց, այսինքն մեկ ծայրը վերի պռոշի տակին, մյուս ծայրը՝ ներքևի, որ աշկարա տեսնվի, թե պռոշներն իրար չեն դիպչում, որովհետև եթե դիպչելու լինեն, ասեղը կծակե իսկույն։ Տեսե՛ք, ահա՛ երևելի Քեշիշ-օղլու «ալիփ ավալ-ախըր» դոդաղ-դագմազը։