Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ե
ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԻ ՓՈՐՁ

Ճաշելուց հետո մեր պատանիները շատ տխրությամբ և երկմտությամբ բաժանվեցին միմյանցից։ Մյուս օրը Մանվելը ճանապարհ ընկավ դեպի իրանց գյուղը, իսկ Արությունը՝ դեպի Բոլնսու սուրբ Գևորգը։

Սայլապան վրացի Գիորգին հարկադրում էր եզներին, որ շուտաքայլ երթան դեպի իր անվանակից Ծմինդա Գիորգին, իսկ սայլի մեջ նստող ուխտավորները՝ արք և կանայք՝ խոսում էին զանազան սուրբերից, նրանց արած հրաշքներից և խաչակնքում էին երեսներին ամեն մի սուրբի անուն տված ժամանակ, մինչդեռ աստուծո անունը տալիս ոչ մեկ անգամ չէին խաչակնքում երեսներին։

Արությունը, որ դեռևս խորամանկությամբ իր կարծիքը ծածկել չգիտեր, ծիծաղում էր նրանց վրա և հերքում նրանց ասածները։ Իսկ նրանք էլ, որ Արությունի այդ արարմունքը մի անսովոր հերետիկոսություն էին համարում և մինչև անգամ սրբապղծություն, ո՛րն արհամարհում էր նրա ասածները, ասելով՝ «Դեռ անփորձ է, խաչի թակարդ չի ընկած», ո՛րն էլ՝ խղճալով նրան՝ աղաչում էր, որ այդպես արհամարհանքով չնայե խաչի հրաշքներին, եթե ոչ հետևանքը կարող է շատ վատ լինիլ իր համար։ Ամենից շատ վախենում էին կնանիքը և ասում էին.

— Հիմա ուր որ է՝ խաչը սրան կունդ ու կծիկ կանի, բերանը կծռի, շլինքը կգցի քամակը, կնղավացնի, կգժվացնի... Բայց ոչ մի այդպես բան չէր պատահում, այլ՝ ընդհակառակն՝ որքան բարկացնում էին Արությունին, այնքան ավելանում էր նրա հերետիկոսությունը և ավելի ոգևորված էր քարոզում նրանց ճշմարիտ աստվածապաշտություն։

— Զորավոր սուրբեր շատ կան, մեռնիմ նրանց ողորմութենին, բայց սուրբ Գեորգի հատը չի ըլի, իմ երեսը նրա ոտի տակը, ասում է մեկը և երեսին խաչակնքում։ Դա թուրքերին էլ է պատժում։ Մի թուրք գնացել է դրա եկեղեցու դուռը հանել, որ տանի իր մարագի համար դուռ շինի։ Դուռը շալակին՝