Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տալիս է օտարին։ Ահա՛ այսպես է կազմակերպվել սրա բնավորությունը։

Մի բան, որ ինձ զարմացնում է, այն է, որ հայրս ոչ միայն չի ուզում օգնել ինձ, որ ես ուսումս շարունակեմ, այլ իր մոտն էլ չի ուզում պահել... ահա ցավն ինչ տեղ է։ Ի՞նչ արած, ես էլ մտքումս դրել եմ գնալ դեպի մի կողմ, ուր որ աստված կառաջնորդե։ Եթե ողջ մնամ, էլի կտեսնենք միմյանց, իսկ եթե ոչ՝ մյուս կյանքումը կսպասեմ քո տեսությանը։ Իմ վերջին կտակը, որ ուզում եմ քեզ հայտնել՝ այս է՝ եթե աստված տա՝ լավ ուսումն ստանաս, գեղացոց համար մի ամսաթերթ հրատարակիր հասկանալի լեզվով ու մտքով։ Տպած խոսքը՝ ինչքան էլ հիմար լինի, ավելի անց կկենա, քան թե ինձպեսների երես առ երես խոսիլը։ Ի՞նչ պտուղ կարող ես սպասել մի խոպանած անդաստանից, որ միայն փուշ և տատասկ կարող է բսցնել։ Պետք է մշակել այդ վայրենացած անդաստանը, բարի սերմեր ցանել. եթե մենք չենք տեսնիլ, գոնե մեր հետնորդները կտեսնեն և կվայելեն նրա պտուղները և ինձ նման անմուրազ չեն մնալ։ Ողջ լեր։

Քույդ Արություն

— Հապա քո ասելդ ի՞նչ է, ա՛ կնիկ, ինչպես պետք է անենք, որ՝ ինչպես կասեն՝ ոչ շամփուրն էրվի, ոչ խորովածը։

— Ահա գալիս է ինքը... թե աստվածդ կսիրես, ա՛յ մարդ, չխոսացնես...

Արությունը ներս մտավ և նստեց իր հորից հեռու, թախտի ծայրին։ Ավետիքն աչքի տակով մտիկ տվավ և ինչ որ փնթփնթաց ինքն իրան, բայց այս արգելք չեղավ, որ Արությունը վճռաբար ասեր նրան, թե՝ ինչո՞ւ իրան չի ուզում օգնել։

— Ինչ որ կարդացել ես, կեսն էլ ավել է,— պատասխանեց Ավետիքը։— Առանց էն էլ տեսնում եմ, որ դու շատ ես հպարտացել, էլ ոչովի չես հավանում։ Ծառը որ ծառ է, ինչքան որ շատ է պտուղ բռնում, էնքան՝ ճղները կռացնում, խոնարհեցնում է, բայց դու մի ծառի չափ էլ չկաս։ Ոչ ծերի պատիվ ես պահում, ոչ մեծի խոսք լսում. ով որ մի բան է ասում, դու իմացած, չիմացած, քրքջում, ծիծաղում ես...

— Սուտ բանը որ ուզենան ճշմարտի տեղ հավատացնել,