Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

առասպելական Պեգասը Հելիկոնյան լեռների մթնոլորտում։

Արությունը շարունակ մտմտում և մռմռում էր դերվիշի նման։ Խոսակից ընկեր չունենալով, խոսում էր ինքն իր հետ և ի՞նչ օդային ամրոցներ ասես, որ չէր շինում, ինչ ասես որ չէր դառնում «իբր թե»։ Իրապես մի մութ անտառում կամ մի լեռան գագաթի վրա նստած՝ երևակայությամբ նա վայելում էր աշխարհի բոլոր վայելչությունը, բոլոր փառքը, պատիվը, երջանկությունը, ընկնում էր և սարսափելի նեղությունների մեջ, բայց ամեն տեղից դուրս էր գալիս հաղթության դրոշակը ձեռին։ Եվ ինչքա՜ն բարիք էր հասցնում մարդկութայնը, ինչքա՜ն երջանկացնում նրանց և փոխարենը վայելում նրանց գովասանքն ու օրհնությունը։ Դեմոսթենեսի պես ճառեր էր ասում և ատենաբանություն անում, Քյորօղլու պես երգում էր հաղթական և քաջության երգեր, Քյարամի պես ողբում էր և փնտրում իր Ասլուն։ Երգում էր և անպատրաստից՝ առանց կանգ առնելու, ինչպես շուվարա, որ կնշանակե ոտանավոր ազատ խոսող։ Այդ ընդունակությունը նրա մեջ նման էր ճարպիկ լարախաղացի և զորեղ ըմբշի ոգևորության։ Այդ ոգևորությունը տեսանելի և շոշափելի է։ Ըմբիշները ուռչում են, նրանց բոլոր երակները լցվում են արյունով, լարախաղացները թեթևանում են, կարծես թևավորվում են։ Այս միևնույն վիճակի մեջ են ընկնում և աշըղները ոգևորված ժամանակ, մանավանդ իրար հետ բաս մտած ժամանակ։ Արությունը ոգևորվում էր թե՛ ըմբշի, թե՛ լարախաղացի և թե՛ աշըղի նման։ Նա զուրկ չէր առաջինի ուժից, երկրորդի ճարպիկությունից և երրորդի ճարտարությունից։ Միայն սազ չուներ, և ոչ ածել գիտեր, հայրը չէր թույլ տվել սովորելու։ Նա շվի էր ածում, որովհետև հեշտ էր դրա ձեռք բերելը, ինքն էր շինում, բայց շատ էր ցանկանում մի սազ էլ ձեռք բերել և իսկական աշըղ դառնալ աշըղությունը բարենորոգելու նպատակով։ Այդ ժամանակ լավ աշըղները շատ մեծ հռչակ և հեղինակություն ունեին ժողովրդի մեջ և մեծ հարգանք ու պատիվ էին վայելում։ Բայց Արությունն ընդդեմ էր նրանց թե՛ հանգահյուսության անճոռնի ձևին, թե՛ թուրքերեն երգերուն և թե՛ մանավանդ նրանց չափից դուրս ստահոդ պատմություններին,