Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չե՞մ։ Եթե այդքանը խելքս կտրում է, կնշանակե աստված իր անելիքն արդեն արել է...


Առանձնությունր և՛ վայրենացնում է մարդուն և՛ փիլիսոփա է շինում։ Արությունը չէր վայրենանում, նա կարող էր մի նորատեսակ փիլիսոփա դառնալ, եթե թույլ տար նրան իր տաքարյուն խառնվածքը։ Նա չափազանց դյուրագրգիռ, չափազանց դյուրազգաց էր փիլիսոփայության համար։ Նրա բոլոր դատողության մեջ փիլիսոփայության հոտ ու նշան չկար։ Նրա բոլոր ուղիղ կամ խելոք ասած բաները մի սրտի փղձուկ էին, կիրք դարձած զգացողության արտահայտություն։ Այդպես էր կազմակերպված նրա անհատականությունը, նրա հոգու առանձնահատկությունը։

Արությունը սազը թաքցրեց քարայրի մեջ, իսկ ինքը գնաց մոտակա փռանգների գյուղը՝ Շարչաբետ։ Գեղամիջովն անցնելիս՝ մի մարդ տեսավ, որ տան կտուրի վրա կանգնած՝ ծխում էր երկայնակոթ ծխամորճը (չիբուխ)։ Արությունը նրան մի քանի անգամ տեսել էր իրանց տանն իջևանած և գիտեր որ նա Բարսեղ քյահյան էր, մի պատվական և հյուրասեր մարդ, որ քառասուն տարի շարունակ քյահյայություն էր արել։ Արությունը մոտեցավ նրան և Բարսեղ քյահյան իսկույն ճանաչեց նրան։ Նա չէր իմանում, որ Արությունն իրանց տանից խռոված էր, նստեցրեց մոտը և հարցրեց՝ թե «ինչպես էր Ավետիք եղբոր քեֆն ու հալը», և երբ խոսք ընկավ Արությունի մասին, նա պատասխանեց, որ այդ մասին հետո կխոսի նրա հետ։

Արդեն երեկոյան ժամասացության ժամանակն էր։ Գյուղի ծխատեր քահանան դուրս եկավ տանից, երկայնակոթ չիբուխից մի թանձր ծուխ բարձրացնելով՝ նայեց արեգակին, տեսավ որ դեռ կարելի էր մի փոքր սպասել, քայլերն ուղղեց դեպի Բարսեղ քյահյան։ Տեր հայրը դեռ շատ հեռու էր, որ Բարսեղ քյահյան ոտքի կանգնեց, մի փոքր ուշ՝ նրան հետևեց և Արությունը։

Տեր հայրը նստեց նրանց մոտ մի քարի վրա և Արությունին թուրք հովիվ, ուրեմն և գող կարծելով, ասաց Բարuեղ քյահյային․