Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և վերջը սուրբ Գրիգոր Լուսավորչի։ Ես այդ բոլորը կպատմեմ։ Ես այն էլ կպատմեմ, թե ի՞նչ պատճառներից, ի՞նչ հանգամանքներից ստիպված՝ և որպիսի որոմնացանների շնորհիվ միևնույն ազգի, միևնույն եկեղեցու հարազատ որդիքը բաժանվել են միմյանցից և այժմ իրար խորթ եղբայր անգամ չեն համարում և փոխադարձաբար իրար ավելի են ատում, քան մի բոլորովին օտար և մինչև անգամ չքրիստոնյա ազգի։ Այս րոպեիս դուք ամոթ եք համարում և մինչև անգամ մե՜ղք՝ ձեզ հայ անվանելու և չեք զգում, որ դա մի հայուրացություն է...

Տերտերը նկատեց, որ Արությունը վտանգավոր քարոզիչ չէ, որովհետև գիժ է, ուշ չդարձրեց այլևս նրա խոսքերին և մի ավելի խոհեմ մարդու դիրք բռնելով՝ վեր կացավ գնաց ժամ։

Բարսեղ քյահյան Արությունին տարավ իր տուն, ուր ներս մտան թե չէ, աղջկեքն ու հարսները տանտիրոջ ակնարկությամբ համբուրեցին Արությունի ձեռքը, կատարելով իրանց հյուրասիրական սովորությունը։

Ընթրիքից հետո Արությունը բարկացած լինելով տերտերի վրա՝ սկսեց հայ կաթոլիկների մոլորության դեմ շատ բաներ ասել և քարոզել Բարսեղ քյահյային ազգություն։ Բարսեղ քյահյան, որ մոլեռանդ մարդ չէր և սերտ բարեկամություն ուներ շատ լուսավորչականների հետ, համակրում էր Արությունի բոլոր ասածներին՝ տաքարյունության վերագրելով նրա համարձակությունը, քան թե՝ գժության, բայց ոչինչ չասեց, բացի այս մի խոսքից, թե՝

— Քուգին ըսածը բիյություն՝ ջշմարտուտեն է մա՝ ինչ պիտ էնես օր՝ գարքավորնիս առաջնիս կփագեն գը, իշտե ինքդ ալ գդեսնես գը․․․

Արությունը մտքումը դրավ, որ էլ այնուհետև ոչ ոքի չհայտնե, որ ինքն այբբեն գիտե։ Լավ համարեց, որ իրան մի չոբան կամ ավազակ կարծեն, քան թե գիժ կարդացող։ Բայց այսուամենայնիվ նա չզգաց, որ ինքը մի նոր միտք քարոզելու կերպն ու ձևը չգիտե։ Նա ոչ տեսել էր և ոչ լսել, թե ինչպես են վարվում և ինչպիսի ոճով խոսում նոր միտք, նոր ուսմունք վարդապետողները. գիտենար էլ՝ դարձյալ չէր նմանիլ նրանց՝ հակառակ լինելով այդպիսիներին թե՛ համոզմամբ և