Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ով գիդի ո՜ր թոկից ա փախել, թե լավ մարդ ա, ինչի՞ իրանց տանը չի կենում...

Այսպես ինքն իրան երկար մրմռալով՝ Պողոսը վեր առավ հրացանը և ուզեց դուրս գնալ, որ մի անակնկալ տարաբախտության պատճառ չդառնա, բայց Արությունը, որ արդեն զղչաց իր անհամբերության համար, չուզեց թույլ տալ նրան և կանչեց հետևից սպառնալով՝

— Է՜հ, ախմախ Լոռի, արի նստի տեղդ, թե չէ՝ մի գյուլլա ա՝ քու ջանը...

— Հա՜-հա՜-հա՜...— քրքջաց Պողոսը։

— Տո քու գյուլլիցն ո՞վ ա վախում, իմ գյուլլեն քոնիցը պակաս ա՞... քաջքերդ...

— Արի նստի, արի. ես քաջքեր չունեմ... Ես քեզ խոսք եմ ասում, քու լավությունն եմ ուզում, դու ինձ ասում ես՝ էշ ես...

— Բա ինչի՞ դու ինձ արջ ես ասում, դու որ ինձ չասես, ես էլ քե՛զ չեմ ասիլ։ Քու աչքիդ գերանը դու չես տեսնում իսկի...

— Լա՛վ, լա՛վ, արի նստի։ Քեզ հետ մարդ չի բարըշիլ։ Էս ա քանի ամիս ա մըտեղ հաց ենք ուտում, դեռ մին մինի չոռ չենք ասել. էդ քու հունարը չէր, իմ հունարն էր։ Ես էլ որ քեզ նման ըլեի, պիտի ամեն օր ըսենց կռվեինք։ Ես էլ չեմ ուզում ըստեղ մնալ. էգուց պիտի գնամ քաղաք։ Դու մի ձի կքրեհես կգաս պախրեն կտանես։

— Քաղաք ինչի՞ ես գնում, ուզում ես մորթիքը տանես ընտեղ ծախե՞ս։

— Չէ՛, մորթիքը քեզ ըլին, դիփ էլ, ես քեզանից փայ չեմ ուզում, փեթակնին էլ դիփ քեզ ըլին...

— Հը՜մ... Խռովեցիր հա՞... — Ի՞նչ խռովելու բան ունիմ. բալքի դու ես խռովել, էնդուր ես ըտենց ասում, արի բարըշենք, արի... Մին մինի բախշենք...

— Արի բարըշե՜նք, ի՞նչի դու չես գալիս ինձ մոտ, թե որ՝ բարըշիլն ուզում ես... Ուզում ես, որ ես գամ քո ոտքը՜... Դու ինքդ վեր կաց արի ինձ մոտ, ասա մեղա աստծու, հետո ես քեզ կասեմ...

— Դե որ ըտենց ա, ոչ դու արի ինձ մոտ, ոչ ես քեզ մոտ։ Դու էլ վեր կաց, ես էլ։ Դու դեպի ինձ արի, ես դեպի քեզ։