Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դե լավ, ըտենց անենք, ղարաբաղցին անկոտրում կըլի։ Էս մի ոտ... Դե մի ոտ էլ դու առաջ դիր... Էս էրկու ոտ... Հիմի մեկէլ ոտըդ փոխի... էս իրեք... դե ասա՝ մեղա աստծու...

— Ինչի՞ առաջ դու չես ասում...

— Չե՛, առաջ դու պիտի ասես.

— Չէ՛, դու պիտի ասես...

— Ո՛չ դու, ոչ ես, մըտեղ ասենք...

— Մըտեղ ո՞նց ասենք, դե դու ասա, ես էլ քեզ հետ կասեմ...

Վերջապես «մեղա աստծու» ասելը գլուխ չի գալիս։ Սերտ սիրով գգվում են միմյանց և համբուրում իրար շրթունքից և հետո լուռ ու մունջ իրանց տեղերը նստում — մեկը խարույկի այս կողմին, մյուսն՝ այն, մի հոգեկան անդորրություն և երանական զվարճություն զգալով․․․

— Արութին, քաղքումն ի՞նչ ունիս, որ ուզում ես գնաս,— խոսեց վերջապես Պողոսը։

— Ընտեղ ընկերնի ունիմ, պիտի գնամ տեսնեմ։

— Ընկերնիդ ի՞նչ են շինում ընտեղ...

— Վարժապետ են, էրեխեք են կարդացնում։

— Բա ասում ես ընկերնի՛ ունիմ... Վարժապետ...էրեխա...

— Զարմանում ես հա՞․․․ Մի՛ զարմանալ։ Ես էնքան կարդալ գիտեմ, որ ձեր տերտերը իմ կեսի կեսի ղադամ չի գիդում...

— Հա՜ ա՞... Դե ըտենց կասեիր է՜․․․ Հը՜մ․․․

— Ինչի՞ ես «հը՜մ» անում․․․

— Դե ասում են՝ շատ կարդացողը կգժվի, ես էլ․․․

— Մի՛ հավատալ, շատ կարդացողը չի գժվիլ, քիչ կարդացողը կգժվի․․․

— Բա մեր տիրացուն ինչի՞ չի գժվում, ասում են քիչ ա կարդացել։

— Էնդուր չի գժվում, որ հենց իմանում ա, թե շատ ա կարդացել, որ գիտենար, թե քիչ ա կարդացել, կգժվեր․․․

— Յանի դրուստ ես ասո՞ւմ, դու գրի սևն ու սպիտակը ջոկում ե՞ս... ես չեմ հավատում...

— Ինչի՞ չես հավատում.