Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 1 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց միմյանցից։ Սրա վրա բոլոր դրացիները հավաքվեցան հանդիսատես լինելու և ամենքն էլ շատ ուրախացան և մեծ հաճույք զգացին այս տեսարանից։


2

Նախընթաց գլխի գործողությունը կատարվում էր մի մեծ ավանում, որ իսկապես ոչ գյուղ էր, ոչ քաղաք, այլ երկուսից մի խառնուրդ, մի գյուղաքաղաք: Այդտեղ միևնույն գերդաստանի անդամները և՛ երկրագործ էին, և՛ այգեգործ, և՛ արհեստավոր էին, և՛ վաճառական, և՛ ուսում առած կրթված էին, և՛ անուս գռեհիկ։ Այսպիսի մի գյուղաքաղաք է Թիֆլիսից մոտիկ, Շուլավերը, ուր կա գավառապետ և հաշտարար դատավոր, հեռագրատուն և փոստատուն, ուր ինչպես հոյակապ տներն ու նահապետական խրճիթներն են միախառնված, այնպես էլ մոթալ փափախն ու մոդնի շլապեքը, և այս՝ միևնույն տան մեջ։ Այո, միևնույն տան մեջ դուք կտեսնեք աղա Մամմադ խանի, Վարանցովի և իշխան Դոնդուկովի ժամանակի տարազով հագուստներ։ Ես օրինակ բերի Շուլավերը, բայց մեր վիպադրաման կատարվում է Քաջենք ավանում։

Բաժանվողները չորս եղբայր էին։ Նրանք ֆիզիկական զարգացումով, դեմքով և հասակով իրար նման էին. քիչ թե շատ նման էին և բնավորությամբ, առհասարակ նման էին այն բաներով, որոնք ժառանգաբար ծնողներից որդուն են անցնում, թեև մեկի մեջ նվազ և մյուսի մեջ ավելի, մեկի մեջ՝ կրթության ազդեցությամբ՝ փոփոխված, մյուսի մեջ անկրթության շնորհիվ՝ պարզ ու անարատ մնացած։ Բայց նման չէին մտավոր զարգացմամբ։ Ամենից փոքրը՝ Տիգրանը, սանձարձակ արմատական էր, նրանից մեծը՝ Արշակը, ավելի փորձառու էր և ճանաչում էր իր չափը. սրանից մեծը՝ Սմբատը, ամենից զարգացածն էր, և իր հեղինակությամբ ազդեցություն ուներ առաջին երկուսի վրա. սրանից և ամենից էլ մեծը՝ Ավագը, հին գաղափարի մարդ էր։

Ավագն ու Սմբատը արդեն տարիքով մարդիկ էին, մեկը հիսունհինգ և մյուսը հիսուն տարեկան։ Դեռ մյուս երկուսը չեղած, սրանք մեծացել էին միասին, բայց այնպես, ինչպես